Հայաստանին նոր վարչապետով «հանդարտեցնում են» և «փրկում». մամուլի անդրադարձը

Միջազգային մամուլն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և ՀՀԿ գործադիր մարմնի նիստին Կարեն Կարապետյանի թեկնածության՝ այդ պաշտոնում երաշխավորմանը: Ռուսական պարբերականները, ըստ վերնագրերի, հանգում են այն մտքին, որ Կարեն Կարապետյանի ընտրությամբ հայաստանյան իշխանությունները փորձում են մեղմել ներքաղաքական լարված իրադրությունը՝ որպես «փրկություն» առաջադրելով Կարապետյանին:

«Կոմերսանտ» պարբերականը «Հայաստանին հանդարտեցնում են վարչապետի հրաժարականով» վերնագիրը կրող հոդվածում նշում է, որ նոր թեկնածուի գլխավոր առավելությունն այն է, որ, ի տարբերություն կառավարության մյուս ղեկավարի, նա «այնքան էլ չի ասոցացվում երկրի ներկայիս ղեկավարության հետ»: Թերթը հիշեցնում է հուլիսին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնց ընթացքում հնչում էին իշխանափոխության պահանջներ:

«Կոմերսանտը» գրում է, որ Կարեն Կարապետյանի՝ «Գազպրոմի» համակարգի գործընկերները նրան բնութագրում են որպես «շատ եռանդուն» և «նորարարական ոգով» մարդու, միևնույն ժամանակ՝ «իմպուլսիվ»:

«Նա բավական շատ բան է արել Հայաստանի գազատրանսպորտային համակարգի որակի բարելավման համար՝ «ՀայՌուսգազարդ»-ում աշխատելու ժամանակահատվածում (2001-2010թթ.)»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը:

«Դատելով արձագանքներից՝ պարոն Կարապետյանը լավ հարաբերությունների մեջ է «Գազպրոմի» վարչության ազդեցիկ անդամներից Կիրիլ Սելեզնևի հետ, ինչը կարող է օգնել նրան նաև նոր դերում ռուսաստանյան իշխանությունների հետ հարաբերությունների կառուցման գործում»,- արձանագրում է թերթը:

«Ազգային փրկություն»

Ռուսական «Գազետա»-ն էլ ՀՀ վարչապետի փոփոխությանն անդրադարձել է «Հայաստանի «ազգային փրկություն»» վերնագրով իր հրապարակմամբ:

Վկայակոչելով փորձագիտական կարծիքներ՝ «Գազետա»-ն հանգում է այն եզրակացությանը, որ ռուսաստանյան քաղաքական վերնախավի հետ կապեր ունեցող նոր վարչապետի նշանակմամբ՝ «զգալիորեն կբարձրանա հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մակարդակը», ավելին՝ Հայաստանը կկարողանա «ներգրավել ռուսաստանյան ծանրակշիռ ներդրումային կապիտալ»:

Հրաժարական՝ ցույցերից հետո

Իսկ ահա բրիտանական երկու առաջատար պարբերականները՝ Independent-ն ու Guardian-ը, հայաստանյան ներքաղաքական երեկվա փոփոխությունները կապում են հուլիսյան հակակառավարական ցույցերի և ապրիլյան պատերազմի հետ:

Independent-ը՝ «Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև հուժկու բախումներից հետո», իսկ Guardian-ը՝ «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել շաբաթներ տևած հուզումներից հետո» վերնագրերով հոդվածներում մանրակրկիտ անդրադառնում են հուլիսի վերջին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ հիշեցնելով, որ օգոստոսին նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու գաղափարով: Որպես իշխանությունների առաջ ծառացած ևս մեկ քաղաքական մարտահրավեր՝ թերթերը նշում են քառօրյա պատերազմն ու ԼՂ կարգավորման հետ կապված ներկայիս իրադրությունը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել