Քաղաքական ուժերը ԸՕ շուրջ նոր հայտարարություն ստորագրեցին

Ազգային ժողովի վեց խմբակցություններից հինգը՝ Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Օրինաց երկիր», սեպտեմբերի 13-ին հայտարարություն են ստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ։

Փոփոխությունները նախատեսում են ստորագրված ընտրացուցակների հրապարակում ընտրություններից հետո։ Նախատեսվում է նաև, որ ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը կտեսանկարահանվի ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, և կիրականացվի հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը։

Համաձայն փաստաթղթի՝ այլ անձանց փոխարեն քվեարկության բացառման (կանխարգելման) նպատակով փոփոխություններ կիրականացվեն նաև Քրեական օրենսգրքում․ ընտրակեղծարարների քրեական պատիժը կխստացվի։

Հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները այն որակել են պատմական իրադարձություն, որը կարող է շրջադարձային լինել և բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ խնդիր է եղել ֆինանսավորման հետ կապված․ հաշվարկները ցույց են տվել, որ անհրաժեշտ սարքավորումների, տեսախցիկների գնման համար հարկավոր է մոտ 9 մլն եվրո։ Նրա խոսքով, սակայն, դոնորների հետ հանդիպումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ ամբողջ գումարը հայթայթված է։ Ֆինանսավորմանը մասնակցելու են Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Բրիտանիան:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նոր փաստաթղթի շուրջ ընդդիմության և իշխանության միջև բանակցությունները վերսկսվել էին օգոստոսի վերջին և ավարտվել էին սեպտեմբերի 10-ին՝ համաձայնության նախաստորագրմամբ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք նախկինում մասնակցել էին բանակցություններին, նախաստորագրմանը չէին մասնակցել: Սեպտեմբերի 13-ին նրանք հայտարարություն էին տարածել, որում կարևորել և դրական էին գնահատել քաղաքական ուժերի կողմից ձեռք բերված համաձայնությունը։

Սա Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջև կնքված երկրորդ հայտարարությունն է։ Առաջինը, որը ստորագրվել էր հունիսին, մասնավորապես նախատեսում էր 2017թ. Ազգային ժողովի ընտրություններում ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ձևավորել ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց և քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարել տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով, ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և իրականացնել հատուկ ստեղծված կայքերի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը և այլն:

Օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով կառավարության հիմնավորումները առ այն, որ համաձայնագրով սահմանված նոր ընտրական մեխանիզմները կիրառելու համար առաջացել են անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ, չեղյալ էր հայտարարել հունիսին կնքված համաձայնությունը:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նոր հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել