ԸՕ շուրջ համաձայնությունը դրական զարգացում է․ ԵՄ

Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի խոսնակ Մայա Կոչիյանչիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։

«ՀՀ ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա ստորագրումը ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է:

Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը:

Ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

***

Ազգային ժողովի հինգ խմբակցությունները՝ Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Օրինաց երկիր», սեպտեմբերի 13-ին հայտարարություն են ստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ։

Փոփոխությունները նախատեսում են ստորագրված ընտրացուցակների հրապարակում ընտրություններից հետո, ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակման իրականացում, ընտրակեղծարարների քրեական պատժի խստացում։

Փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների, տեսախցիկների գնման համար հարկավոր է մոտ 9 մլն եվրո։ Ֆինանսավորումն իրականացնելու են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Գերմանիան, Բրիտանիան:

Մեկնաբանել