Եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անել, պետք է համակարգային փոփոխություններ անենք․ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ռեալ մեր տնտեսության վիճակը բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ ընդամենը մեկուկես օր է՝ ինչ վարչապետ է և այժմ ծանոթանում է առկա մակրոտնտեսական ցուցանիշներին։
Կարապետյանը հիշեցրեց նաև, որ ներկայացվելու է երկու փուլից բաղկացած ծրագիր։ Նրա խոսքով՝ առաջին փուլում չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք կարող են իրականացվել մոտ ապագայում։ «Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը։ Եվ սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին ուզում եմ բոլորին հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալիս, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- ասաց նա։
Միաժամանակ վարչապետը նշեց, որ երբ ասում է՝ արագ փոփոխություններ չեն լինելու, չի նշանակում, որ քայլ չեն ձեռնարկելու։ «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու և՛ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, և՛ բիզնեսի զարգացման առումով։ Բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե նախկին կառավարության ծրագիրն օգտագործելու են արդյոք, նա դրական պատասխանեց և նշեց, որ տնտեսությունը զարգացնելու են այն ուղղությամբ, որ ստեղծվեն առավելագույն բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար։ «Բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդն իրեն երջանիկ է զգում։ Ռեսուրս ունեցող, նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն։ Հիմա թե քայլերը որոնք կլինեն, մենք կներկայացնենք ձեզ»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ նոր կառավարության կազմն ընտրվելու է մաքսիմալ պրոֆեսիոնալ։ Ի պատասխան հարցին, թե դեր խաղալու է արդյոք կուսակցական պատկանելությունը, Կարապետյանն ասաց․ «Եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավ է»։