«Բանակցային գործընթացում չի կարող առաջընթաց լինել՝ առանց պայամնավորվածությունների կյանքի կոչման»

Ղարաբաղյան հակամարտության բուն կարգավորման շուրջ բանակցային գործընթացում չի կարող առաջընթաց լինել՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման․ սեպտեմբերի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը։

Նա նշեց, որ ներկայում քննարկման առարկա է այն հանգամանքը, որ ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, վերջ դրվեն Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիաներին, ուժեղացվեն մոնիտորինգային խմբի կարողությունները։ «Որովհետև շատ ակնհայտ է՝ առանց դրա խոսել ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, անհնարին է»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հայտարարությանը, փոխարտգործնախարարի պաշտոնակատարն ասաց, որ համանախագահը որևէ նոր բան չի ասել, ընդամենը վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում։

«Խնդիրը կայանում է նրանում, որ, այո՛, Մադրիդյան սկզբունքները իր էության մեջ ենթադրում էին փոխզիջումներ, որի մեջ մտնում էին և՛ տարածքների հարցեր, և՛ կարգավիճակի»,- ասաց նա՝ հավելելով, որ ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայից հետո, սակայն, արդեն լրջորեն պետք է մտածել այդ բոլորի մասին։ «Որովհետև ժամանակին եղել էր շատ լուրջ այսպես ասած զիջում,- ընդունելով որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան սկզբունքները,- հետաձգված հանրաքվեն։ Որովհետև այն ժամանակ շատ հստակ հիմնավորում էին միջնորդները, որ հետաձգված հանրաքվեի իմաստը կայանում է նրանում, որ Բաքվի իշխանությունը կարողանա իր ժողովրդին նախապատրաստել այն մտքին, որ անխուսափելի է, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք այդ ժամանակը օգտագործեցին ճիշտ հակառակ ուղղությամբ»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ այդ տեսակետից հասունացել է պահը, որ պետք է արդեն լրջորեն նայել նախկինում կատարված այդ բոլոր համաձայնություններին։

Փոխարտգործնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ տարբեր առաջարկություններ միշտ էլ քննարկվել են այս տարիների ընթացքում, սակայն այսօր կա միայն մեկ փաստաթուղթ, որը երեք կողմերից երկուսը ընդունել են՝ որպես հիմք՝ դա Մադրիդն է․ «Մնացած բոլորը եղել են տարբեր առաջարկություններ, ինչ-որ փաստաթղթեր, ինչպիսին Կազանի փաստաթուղթն է, որը հետո մերժվել է»։

«Եկեք ճիշտ հասկանանք՝ կա մի փաստաթուղթ՝ դա Մադրիդն է։ Հիմա այն, ինչ պետք է տեղի ունենա, եթե նույնիսկ լինեն առաջարկներ, ապա առաջարկները պետք է վերաբերեն այն սկզբունքներին, որոնք ընդունված են՝ որպես հիմք։ Ընդամենը։ Բայց դրա համար պետք է լինեն բանակցություններ արդեն բուն կարգավորման շուրջ։ Բայց ես նորից եմ շեշտում, որ այսօր առաջնայինը ոչ թե բանակցություններն են կարգավորման շուրջ, այլ բանակցություններն են, որոնք պետք է ամրապնդեն կրակի դադարեցման ռեժիմը և կյանքի կոչեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասաց Քոչարյանը։

Մեկնաբանել