Ռոհանիի այցը Հայաստան ընդգծում է Թեհրանի հավասարակշիռ կեցվածքը. իրանագետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, որը, սակայն, այցի ժամկետներ և մանրամասներ չի հաղորդել: ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Իրանի դեսպանությունից հաղորդեցին, որ նման այց նախապատրաստվում է:

Իրանի առաջնորդի կայանալիք այցը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր է գնահատում իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա համոզմամբ՝ առաջիկա այցը նաև կարող է փարատել մտավախությունները՝ կապված վերջերս Թեհրան-Մոսկվա-Բաքու եռակողմ ձևաչափով շփումների հետ:

Օգոստոսի սկզբին Բաքու կատարած այցից հետո գալով Հայաստան՝ Իրանի առաջնորդը նաև ցանկանում է ընդգծել Հարավային Կովկասում իր երկրի վարած հավասարակշռված քաղաքականությունն ու կեցվածքը, համոզված է իրանագետը:

Մեկնաբանելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Իրանի հնարավոր ներգրավման հարցը՝ Ոսկանյանը նկատեց, որ դա առկա ձևաչափի փոփոխություն է ենթադրում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, և գործընթացում նրա ընդգրկման դեպքում նման հայտ կներկայացնի նաև Թուրքիան, ինչն անցանկալի է Հայաստանի համար [Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է – խմբ․]:

Ոսկանյանը շեշտեց, որ Թեհրանը սատարում է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և չնայած հռետորաբանությանը՝ ստատուս քվոյի պահպանման կողմնակից է, ինչը բխում է նրա շահերից:

Օգոստոսի 11-ին ուժի մեջ է մտել Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ հուշագիրը: Ոսկանյանի կարծիքով՝ արդեն իսկ փոխայցելությունների թվի աճ է նկատվում, և զբոսաշրջության ոլորտում աճի մեծ պոտենցիալ կա:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել