Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ ընտրեց Արթուր Դավթյանին։

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ երեքը։

Նորանշանակ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց ցուցաբերված բարձր վստահության համար։ «Գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները, դրանց արդյունավետ լուծման բարձր պատասխանատվությունը։ Եվ վստահեցնում եմ, որ գիշեր ու զոր աշխատանքով ամեն ինչ անելու ենք՝ դատախազական ամբողջ համակարգի մասնակցությամբ, մեր առջև դրված խնդիրները արդյունավետ լուծելու, սպասումները արդարացնելու համար»,- ասաց Արթուր Դավթյանը։

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 4-ին Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո։ Կոստանյանը նշել էր, որ գլխավոր դատախազի պաշոնը թողնում է առողջական խնդիրների պատճառով։

Արթուր Դավթյանը ծնվել է 1978թ․ դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը, իրավաբանական գիտությունների թեկնածու է։

2012-2013 թթ. եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-2016 թթ.՝ Երևանի դատախազ։ 2016թ. հունիսի 22-ին նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

2000-2006 թթ. դասախոսել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։ Դասախոսում է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր։