ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնն ստանձնելուց հետո կառավարության առաջին նիստին խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին և հանձնարարել վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետը բնութագրել է որպես հանրությանը բավական հետաքրքրող թեմա, նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում՝ ստեղծվում են համապատասխան նոր հանձնաժողովներ՝ գործողությունները համակարգելու նպատակով: Սոցիալական մասով Կարեն Կարապետյանն առաջարկել է վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը և համապատասխան հանձնարարականները տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին: Նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ ՀՀ նոր վարչապետի հայտարարությունները՝ ստորև:
Կոռուպցիայի դեմ պաքայրի մասին
«Շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»:
Գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին
«Սոցիալական մասով առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»:
Ակնարկ
2015թ. փետրվարի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը հաստատելու մասին: Սահմանվել էր, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ:
Նույն թվականի հուլիսի 28-ին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ «կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 31-ի նիստին հավանություն է տվել սպառողների համար բնական գազի սակագինը նվազեցնելու որոշմանը: Ըստ այդմ` հուլիսի 1-ից ամսական մինչև 10 հազ. խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կազմում է 146 հազ. 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ գազի համար` նախորդ 156 հազ. դրամի փոխարեն:
Ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կազմում է 257.56 դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար` նախորդ 276.98 դոլարին համարժեք դրամի փոխարեն:
ՀԾԿՀ-ի հունիսի 24-ի նիստին կայացրած որոշման համաձայն՝ ապառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները օգոստոսի 1-ից նվազել են 2.58 դրամով (ներառյալ ԱԱՀ):
Բնակչության համար ցերեկային սակագինը դարձել է 46.2 դրամ/կՎտժ՝ նախորդ 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ Գիշերային սակագինը սահմանվել է 36.2 դրամ/կՎտժ՝ նախորդ 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն:
Էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 6․9 դրամով թանկացվել էր 2015թ․ ամռանը՝ առաջացնելով բողոքի մեծ ալիք։