Հայաստանն ու Վրաստանը կրթական համատեղ ծրագրեր կմշակեն

Հայաստանն ու Վրաստանը կրթական համատեղ ծրագրեր կմշակեն։ Նախօրեին Թբիլիսիում կայացել է երկու երկրների կրթության և գիտության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։

Ինչպես հաղորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում, հանրակրթական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում:

Լևոն Մկրտչյանն ու Ալեքսանդր Ջեջելավան համաձայնություն են ձեռք բերել նաև, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները և վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն: Հայկական կողմն առաջարկել է մշակել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև հավատարմագրման համակարգ։

Վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը հաղորդում է, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպման արդյունքներով հայտարարել է՝ Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ուղություններով կարևոր է։ «Հայաստանը, ինչպես և Վրաստանը ընդգրկված է Բոլոնիայի գործընթացում և կրթական համակարգի առումով Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացներում, այդ իսկ պատճառով մեր երկրները կարող են շատ բան անել համատեղ»,- ասել է Ալեքսանդր Ջեջելավան։

Մեկնաբանել