Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից․ Միքայել Մելքումյան

Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից․ այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

««Բարգավաճ Հայաստանի» հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է։ Եվ եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, էն ռեսուրսը, որ նա դրել է, ես ֆինանսական ռեսուրսը միայն ի նկատի չունեմ, էն ռեսուրսները, որոնք դրվել են այս մեր քաղաքական ուժի կայացման և հետագա հաջողություն ունենալու մեջ, որևէ մեկը Բարգավաճից չի խլել և ոչ էլ կարող է խլել»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե երբ է Գագիկ Ծառուկյանը պատրաստվում վերադառնալ քաղաքականություն և ինչպես, պատգամավորը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել Ծառուկյանին։ «Ինքը որոշում է կայացրել հեռանալ քաղաքականությունից, հետագայում ինքը կորոշի, թե ինչ կանի։ Դա իր որոշելիքն է՝ ոնց որ կորոշի, ինքը իր քայլերը կանի։ Թե ոնց կորոշի, դա ինքը գիտի»,- ասաց նա։

Մելքումյանը հավելեց նաև, որ հարցը շատ է արծարծվում, կուսակիցների հետ զրույցներում էլ այդպիսի հարցադրումներ շատ կան։ Նա նշեց նաև, որ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել կուսակցությունից։

«Ինքը կորոշի։ Երբ ես ասում եմ ժամանակավոր, այս կյանքում ամեն ինչ էլ ժամանակավոր է։ Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու»,- ասաց պատգամավորը։

***

Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս եկավ և քաղաքականությունից հեռացավ 2015թ․ գարնանը։ Մինչ այդ՝ փետրվարի 12-ին, Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին այդ կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավարին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ և վերազանցել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ծառուկյան-Սարգսյան հանդիպում: Ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության»` փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չկայացավ:

Մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ-ի ղեկը հանձնելու մասին:

Մեկնաբանել