Սփյուռքը պետք է կենտրոնանա 2017-ի խորհրդարանական ընտրությունների վրա․ Արսինե Խանջյան

Սեպտեմբերի 9-ին Տորոնտոյում գործող «Հայկական վերածնունդ» (Armenian Renaissance) կազմակերպությունը հրավիրել էր համաժողով, որը կրում էր «Հայաստանը և Սփյուռքը «Սասնա ծռերից» հետո» խորագիրը։ Համաժողովին ելույթ ունեցավ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Նա «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության գունդը գրավելուց հետո՝ հուլիս-օգոստոսին, Երևանում էր։ Խաղաղ ցույցերից մեկի ժամանակ ոստիկանները նրան բերման էին ենթարկել։

Տորոնտոյի համաժողովում իր ելույթում Արսինե Խանջյանը խոսեց Հայաստանի ներքաղաքական կյանքում Սփյուռքի դերի և պատասխանատվության մասին՝ ընդգծելով հայրենիքում ժողովրդավարության ամրապնդման կարևորությունը և դրանում Սփյուռքի ներգրավվածության անհրաժեշտությունը։

Անկախության 25-ամյակի նախօրեին Հայաստանի առջև ծառացած սոցիալական, քաղաքական և տնտեսական ահռելի խոչընդոտներ կան, որոնք մարտահրավեր են Հայաստան Հանրապետության համար այսօր։

Ներքին հիմնական խնդիրները պետական ինստիտուտներում համակարգային կոռուպցիայի, նեպոտիզմի [խնամի-ծանոթ-բարեկամ ավանդույթի – խմբ․], օլիգարխիայի, մերիտոկրատիայի բացակայության, ազատ խոսքի ճնշման, քաղաքացիական ազատությունների և օրենքի իշխանության բացակայության, ոստիկանության բռնությունների, մարդու և քաղաքացու իրավունքների խախտումների և անկախ դատական համակարգի բացակայության հետևանքն են։

Այս հանգամանքները, ինչպես նաև ահարկու արտաքին իրողությունները, օրինակ՝ տնտեսական շրջափակումը, աշխարհաքաղաքականությունը, թշնամական հարևանները, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը՝ չնայած որ Ադրբեջանի հետ պատերազմական վիճակ է, ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առկա ճնշումները, բնական ռեսուրսների սահմանափակությունը Հայաստանի համար արտակարգ և գոյութենական բարդ իրավիճակ են ստեղծել։

Հանրային վստահության բացակայությունը, զայրույթը, տնտեսական և սոցիալական բարեկեցություն ունենալու հուսահատությունը բնակչության շրջանում վերաճում են ճարահատ գործողությունների և բռնությունների։

Տարիներ տևած քաղաքացիական խաղաղ նախաձեռնություններից հետո մարդկանց օրինական պահանջներին լուծում տալու իշխանությունների պարբերական հրաժարումը նույնպես վերաճում են քաղաքացիական անհնազանդության ծայրահեղ դրսևորման և հանդուգն գործողությունների ու բողոքի ցույցերի, ինչի ականատեսը եղանք վերջերս։

Մարդկանց մյուս հատվածն ընտրում է երկիրը լքելու տարբերակը, ինչը հանգեցնում է ուղեղների արտահոսքի և հայրենիքի մարդաթափման։ Դա, բնականաբար, վտանգավոր է Հայաստանի առաջնային անվտանգության համար։

Մարդիկ պարզապես պահանջում են սոցիալական պայմանագրին հարիր ազնիվ և հիմնարար փոփոխություններ։

Ինչ ես այս անգամ անձամբ լսեցի Հայաստանում, այն էր, որ թե՛ բնակչությունը, թե՛ քաղաքացիական կառույցները, որոնք տեղում պայքար են մղում շարունակական անարդարությունների դեմ, մեր՝ Սփյուռքի ուշադրությունն են հրավիրում՝ ներդրում և աջակցություն ցուցաբերելու և ամրապնդելու ժողովրդավարական արժեքները, բարեփոխումները Հայաստանի հասարակության ներսում։ Կրկին ու կրկին ինձ հորդորում էին, որ Սփյուռքը ուշադրություն դարձնի Հայաստանի սոցիալական, քաղաքական ախտերին և նպաստի միջավայրի առողջացմանը։

Ինչպե՞ս կարող է Սփյուռքը նպաստել Հայաստանում սոցիալական և քաղաքական ներկապնակի դրական փոփոխություններին։ Ճշմարտությունը, մարդու իրավունքների և արդարության պաշտպանությունը դրանցից մեկն է։

Նաև, մեզնից յուրաքանչյուրիս իրավունքն է Սփյուռքի ավանդական կազմակերպություններից և կառույցներից պահանջել ընդլայնելու և բազմազանեցնելու իրենց ներգրավվածությունը Հայաստանում՝ իշխանություններին հաշվետու դարձնելու և իշխանության չարաշահման համար։

Մենք, որ ապրում ենք ժողովրդավարական հասարակություններում, գիտենք, որ երկարաժամկետ և կայուն զարգացումն անմիջականորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ, և զարգացումն ու դրան ուղղված ջանքերը չեն կարող հաջողություն ունենալ առանց օրինական և ժողովրդավարական ընտրված իշխանությունների, որն ականջալուր է և պատասխանատու իր քաղաքացիների առջև։

Սփյուռքի առաջիկա քայլերը պետք է կենտրոնանան Հայաստանում 2017թ․ խորհրդարանական ընտրությունների վրա։ Պարտադիր է, որ ընտրատեղամասերում ապահովվի ազատ և արդար ընթացակարգ, և որ թափանցիկությունը երաշխավորվի քվեարկելու, քվեները հաշվարկելու և արդյունքներն ամփոփելու բոլոր բարդ փուլերում։

Մարդու հիմնարար ազատությունները և իրավունքներն արտահայտող ընտրությունները քաղաքացիներին արդարության զգացում կպարգևեն նրանց առօրյա կյանքում։ Դա իր հերթին նրանց ուժ կտա ստանձնելու այլ պատասխանատվություններ՝ որպես պետության արժևորված քաղաքացիներ։

Հայրենիքում ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերների այս կարևոր հանգրվանում Սփյուռքը չի կարող արհամարհանք դրսևորել։ Սփյուռքը կարող է դրա կողքով անցնել, բայց երբեք չի կարող ասել, թե ինքը տեղյակ չէր։

Սփյուռքին կոչ է արվում պաշտպանելու հայրենիքում ապրող մեր ժողովրդի իրավացի պահանջները։

Պետությունը և ազգը (country and the nation)՝ որպես ամբողջություն, անվերապահորեն կապված են իրար։ Հետևապես երկուսն էլ կշահեն այդպիսի ներգրավվածությունից և փոխառնչությունից։

Իրավունքների պաշտպանության և հաղորդակցության միջոցով մենք կարող ենք Հայաստանին ու Սփյուռքին մերձեցնել, շատ ավելի մերձեցնել, քան հիմա են։ Այնպես, որ մենք չզգանք, որ աշխարհագրությունից բացի որևէ այլ սահման կարող է մեզ տարանջատել։

Պատրաստեց Կարեն Հարությունյանը

Համաժողովին Սփյուռք-Հայաստան հարաբերությունների թեմայով ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։

Տորոնտոյում տեղի ունեցած համաժողովի ամբողջական տեսագրությունը․

Մեկնաբանել