ՏԻՄ ընտրություններ․ Նոր կյանքը՝ նոր ղեկավարով, Ծաղկահովիտը՝ առանց «Միայնակ գայլի»

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 319 916 մարդ կամ ընտրողների 49․42 տոկոսը։ Դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ուսումնասիրվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն: Դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Ստորև ամփոփված են ընտրությունների նախնական արդյունքները որոշ համայնքներում։

Էջմիածնում քաղաքապետը չփոխվեց

ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում հաղթել է գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը։ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը 2008թ․ հոկտեմբերից զբաղեցնող Գրիգորյանը ստացել է 10 հազ․ 587 ձայն։

Նրա մրցակիցները՝ անկուսակցական Արթուր Թումանյանն ու անկուսակցական Արթուր Խաչատրյանը, ստացել են 3651 ձայն և 504 ձայն համապատասխանաբար։

Էջմիածնում ընտրություններն անցել են բավականին լարված մթնոլորտում․ քվեարկությունից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, այստեղ հնչել էին կրակոցներ, քաղաքապետի թեկնածուներից Արթուր Թումանյանին ծեծի էին ենթարկել, որի հետևանքով նա հոսպիտալացվել էր: Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Նոր կյանքում՝ նոր ղեկավար

Արարատի մարզի Նոր կյանք համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը՝ նախնական արդյունքներով ստանալով 467 ձայն։

Մյուս թեկնածուն՝ գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 ձայն։

«Միայնակ գայլը» պարտվեց Ծաղկահովիտում

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որտեղ պայքարում էին երեք թեկնածուներ, հաղթել է նախկին գյուղապետ, անկուսակցական Նորաին Հակոբյանը՝ ստանալով 364 ձայն:

Համայնքի գործող ղեկավար, Հանրապետական կուսակցության անդամ Երվանդ Խաչատրյանը ստացել է 311 ձայն։

«Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանքի տակ գտնվող Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») զբաղեցրել է երրորդ տեղը՝ 257 ձայնով։

«Լուսավոր Հայաստանի» թեկնածուն պարտվեց Ջրառատում

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում վերընտրվել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին՝ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Սամվել Գալստյանը, որը ստացել է 647 ձայն։

Նրա դեմ պայքարում էին երեք թեկնածու, այդ թվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Արամ Ղուկասյանը․ վերջինս ստացել է 82 ձայն։

Մյուս երկու թեկնածուները՝ անկուսակցական Հակոբ Մելքոնյանն ու անկուսակցական Տիգրան Խաչատրյանը, ստացել են 394 ձայն և 120 ձայն համապատասխանաբար։

Մեկնաբանել