«Ոչ մի անսպասելի բան». Ռուսաստանում հաղթում է իշխող կուսակցությունը

Ռուսաստանի իշխող կուսակցությունը՝ «Միացյալ Ռուսաստանը» («Եդինայա Ռոսիա») հաղթանակ է տանում սեպտեմբերի 18-ին կայացած Պետդումայի ընտրություններում՝ ըստ 93% մշակված քվեաթերթիկների՝ հավաքելով ձայների 54,28%-ը:

Պետդումայի ընտրություններն անց են կացվում խառը ընտրակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, 225-ը՝ միամանդատ օկրուգներով:

Ռուսաստանի ԿԸՀ տվյալներով՝ «Միացյալ Ռուսաստան»-ից հետո կուսակցական ցուցակներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը (ԿՊՌՖ)՝ 13,45%-ով, երրորդ տեղում՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴՊՌ)՝ 13,24%-ով, չորրորդ հորիզոնականում՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը («Սպրավեդլիվայա Ռոսիա»)՝ 6,17%-ով:

Այսպես կոչված ոչ խորհրդարանական կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել հինգ տոկոսի շեմը դաշնային օկրուգով: Միամանդատ օկրուգներով Պետդումա է անցել երկու կուսակցություն՝ «Հայրենիքը» («Ռոդինա») և «Քաղաքացիական պլատֆորմը» (մեկական օկրուգ):

Իշխող կուսակցությունը հաղթանակ է տանում 225 միամանդատ ընտրատարածքներից 203-ում:

Կարելի փաստել, որ ՌԴ իշխող քաղաքական ուժը, ունենալով ավելի քան 300 տեղ, սահմանադրական մեծամասնություն է ապահովում յոթերորդ գումարման Պետդումայում, ինչը նրան հնարավորություն է տալիս սեփական ուժերով փոփոխություններ մտցնել սահմանադրության մի քանի գլուխներում և հաղթահարել նախագահական վետոն:

Մասնակցության մակարդակը. Մոսկվայում՝ ամենացածրը 21-րդ դարում

«Ռիա նովոստի»-ն հաղորդում է, որ երեկվա ընտրություններում գրանցվել է 47,92% մասնակցություն:

Ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել Մոսկվայում. ժամը 18:00-ի դրությամբ՝ ընդամենը 28,62%: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշված ժամի դրությամբ արձանագրված արդյունքը բնորոշել է որպես «ամենացածրը 21-րդ դարում»: 2011թ. ցուցանիշը 50,03% էր, 2007թ.՝ 51,33%, 2003թ.՝ 50,99%: Մասնակցությունը ցածր է եղել նաև Ռուսաստանի «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում:

Ռուսական «Վեդոմոստի» թերթը մեջբերում է Քաղաքացիական նախաձեռնությունների հանձնաժողովի փորձագետներին, որոնց համոզմամբ՝ քարոզարշավի տեղափոխումը ամառ և դրա պասիվ բնույթը ռազմավարության մաս էին կազմում, որի նպատակն էր «իջեցնել մասնակցության մակարդակը»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով քվեարկության առաջին արդյունքները, հայտարարել է, որ «թեև մասնակցությունն ամենաբարձրը չէր, սակայն մեծ էր»:

«Իսկապես, մարդիկ քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերեցին: Այն կայանում է նաև մասնակցությունում, որը թեև ամենաբարձրը չէ նախորդ ընտրարշավների համեմատ, այդուհանդերձ, մեծ է»,- ասել է Պուտինը:

Իսկ ահա Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «մտահոգիչ ազդակ» է համարել փաստը, որ երկրի երկու երրորդը հրաժարվել է մասնակցել ընտրություններին:

Մասնակցության ցածր մակարդակը վշտեցրել է Ժողովրդական ազատության կուսակցության՝ «Պառնասի» նախագահ Միխայիլ Կասյանովին: Նա կարծիք է հայտնել, որ Պետդումայի ընտրությունները, «հնարավոր է, երկրում ժողովրդավարական ճանապարհով որևէ բան փոխելու վերջին հնարավորությունն էին»:

Կասյանովը, որի կուսակցությունը չի անցնում Պետդումա, ընտրությունների հանդեպ հետաքրքրության բացակայությունում մեղադրել է իշխանություններին:

«Իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի ընտրողների մոտ սպանի վստահությունն այդ ինստիտուտի նկատմամբ»,- BBC-ի ռուսական ծառայությունը մեջբերում է Կասյանովին, որի խոսքով՝ չնայած պաշտոնյաների՝ ընտրություններն արդար անցկացնելու խոստումներին, իշխանությունը վախենում է «անվերահսկելի արդյունքից»:

Իսկ «Յաբլոկո» ոչ խորհրդարանական կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին, որի կուսակցությունը նույնպես չի անցնում Պետդումա, հայտարարել է 2018թ. նախագահական ընտրություններում Պուտինին ձեռնոց նետելու իր մտադրության մասին:

«Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի փոխանցմամբ՝ Յավլինսկին ասել է, որ նախագահի պաշտոնում առաջադրվելն այժմ իր «ուղիղ պարտականությունն է»:

BBC-ն զրուցել է մի շարք քաղաքագետների հետ, որոնք ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելիս միակարծիք էին՝ ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել: Նրանցից մեկի պնդմամբ՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մասնակցության ցածր նիշը վկայում է՝ մարդիկ չեն հավատում, որ Պետդուման կարող է որևէ բան որոշել:

Ռամզան Կադիրովը՝ կրկին Չեչնիայի նախագահ

Սեպտեմբերի 18-ին անցկացվել են նաև Ռուսաստանի 39 շրջանների օրենսդրական մարմինների և յոթ սուբյեկտների բարձրագույն ղեկավարների ընտրություններ: Այսպես՝ վերջին տվյալներով Չեչնիայի ղեկավարի ընտրություններում առաջատար է նախագահի պաշտոնակատար Ռամզան Կադիրովը, որը նախ՝ շնորհակալություն է հայտնել բնակչությանը ակտիվ մասնակցության համար, ապա՝ լեզգինկա պարել:

Ի դեպ՝ Չեչնիայում ժամը 18:00-ի դրությամբ գրանցվել է Ռուսաստանի համար մասնակցության ամենաբարձր մակարդակը՝ 83,80%:

Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ մասնակցության նիշը «դժվար մոտենա 100%-ի, քանի որ ընտրողներից շատերն այժմ հաջ են կատարում դեպի Մեքքա և Մեդինա»:

Լցոնման դեպքեր և պատժելու խոստումներ ԿԸՀ-ից

Կիրակի երեկոյան YouTube-ում հայտնվել է ընտրատեղամասերից մեկից ստացված տեսանյութ, որում ընտրական հանձնաժողովի անդամները, քվեատուփի մոտ պատ ձևավորելով և այն ծածկելով, լցնում են կատարում:

Ռուսական կայքերը գրում են, որ ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, մեկնաբանելով միջադեպը, ասել է, որ «եթե դու նույնիսկ լցոնում չէ, դրան շատ մոտ մի բան է»:

Ավելի ուշ ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է երկրի երեք շրջաններում լցոնման դեպքերի մասին և խոստացել պատասխանատվության ենթարկել իրավախախտներին:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել