«Ալիևներն ամրապնդում են իշխանությունը». բողոքի ալիք Ադրբեջանում՝ ընդդեմ սահմանադրության փոփոխության

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Բաքվում՝ ընդդեմ սահմանադրության փոփոխության:

«Ո՛չ միապետությանը», «ո՛չ թալանին» և այլ կարգախոսներով սեպտեմբերի 17-ի ակցիան, որը կազմակերպել էր ընդդիմադիր «Ազգային խորհուրդը», ավարտվել էր ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով: Բերման են ենթարկվել ակցիայի մոտ երեք տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ լրագրողներ:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, իր ելույթում «Ազգային խորհրդի» առաջնորդ Ջամիլ Հասանլին, հանդես գալով սահմանադրական փոփոխությունների դեմ, նշել է, որ դրանով Ալիևների կլանը փորձում է «հավերժացնել իր ընտանեկան իշխանությունը»: Նրա խոսքով՝ «կառավարման 23 տարիների ընթացքում իշխանությունը չի լուծել և ոչ մի հիմնարար խնդիր»:

«Ազգային խորհրդի» ակցիայի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, հանրահավաք է անցկացրել ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը: Դիմելով հավաքվածներին՝ կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին ասել է, որ Ադրբեջանն այսօր Ալիևի վարչակարգի սխալ քաղաքականության արդյունքում «ճգնաժամային իրավիճակում է»:

«Մենք հրատապ բարեփոխումների կարիք ունենք»,- ասել է Հաջիլին:

«Մուսավաթի» հիմնադիր Իսա Ղամբարը խոսել է երկրում տիրող սոցիալական ծանր վիճակից, գործազրկության մակարդակից, մարդու իրավունքների ոտնահարումներից:

Մուսավաթի ակցիան Բաքվում

«Ժողովրդավարական կառավարման հետընթաց». HRW

Ադրբեջանում սպասվող սահմանադրական փոփոխությունները լայնորեն քննարկվում են երկրի քաղաքագիտական շրջանակների, լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել հինգից յոթ տարվա: Երկրի ղեկավարը կարող է լուծարել խորհրդարանը և հայտարարել նախագահի արտահերթ ընտրությունների մասին, վերացվում են պատգամավորական և նախագահական թեկնածուների հանդեպ տարիքային սահմանափակումները, ստեղծվում են փոխնախագահների պաշտոններ, որոնք ոչ թե ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ, այլ նշանակվում են գործող նախագահի կողմից:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռաշել Դենբերը, անդրադառնալով Ադրբեջանում բարձրաձայնվող մտավախություններին, գրում է, որ հանրաքվեն «երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ժողովրդավարական կառավարման հետընթացի»: Դենբերը պնդում է, որ փոփոխությունները համազգային քննարկման են արժանի:

Փոփոխությունների հակաժողովրդավարական բնույթը Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմնին՝ Վենետիկի հանձնաժողովին հղած իրենց դիմումում ընդգծել են նաև ադրբեջանցի մի շարք հայտնի իրավապաշտպաններ և ակտիվիստներ, որոնց թվում՝ Ինթիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը, Անար Մամադլին և Լեյլա Յունուսը: Նրանք կոչ են արել ԵԽ-ին գնահատել փոփոխությունները, որոնք, նրանց որակմամբ, միտված են Ալիևների ընտանիքի դիրքերի ամրապնդմանը: Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կարծիքը ԵԽ-ն կհաստատի հոկտեմբերի 14-15-ի լիագումար նստաշրջանին:

Դիմումի հեղինակները նշում են, որ փոփոխություններից մի քանիսը հակասում են ԵԽ հիմնարար սկզբունքներին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը: Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները չեն տեղեկացրել հանրությանը ո՛չ այդ փոփոխությունների պատճառների, ո՛չ հնարավոր հետևանքների մասին:

«Նպատակը Ադրբեջանը Թուրքմենստանի վերածելն է»

Ադրբեջանական Meydan.TV անկախ կայքի հետ զրույցում ադրբեջանցի պատմաբաններից մեկը կարծիք է հայտնել, որ իշխանությունը ձգտում է խորացնել ավտորիտար կառավարումն ու «բռնել Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Հյուսիսային Կորեայի ուղին»:

Կայանալիք հանրաքվեի առնչությամբ աշխարհի և միջազգային կազմակերպությունների «կասկածելի լռության» մասին հարցադրմանն ի պատասխան՝ Meydan.TV-ի զրուցակիցը եզրակացություն է արել, որ աշխարհաքաղաքական իրադրությունը կառավարություններին հետ է պահում Ադրբեջանին քննադատելուց:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել