Երբ պետության ղեկավարը շքանշան էր տալիս «կրկեսի» թագավորին

Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով: Եվ՝ Ծառուկյանի ժպիտը: Հետո Սերժ Սարգսյանի գրեթե հայրաբար իջած ձեռքերը՝ «կրկեսի» նախկին թագավորի կրծքին: Էդ թագավորը մի ժամանակ տգետ էր, քաղաքականությունը նրա տեղը չէր, մարդ էր, որը չգիտի՝ որն է «այբ»-ը, որն է «բեն»-ը: Եվ հավաստելու համար, որ տգետ է, հիշում էր մականունը՝ Դոդ:

Հարվածն, իհարկե, ցավոտ էր: Սերժ Սարգսյանն ասպարեզ էր նետել քաղաքական «արժանապատվության» բոլոր «զենքերը», ներառյալ Արմեն Աշոտյանի փայլուն գլուխն ու Կարեն Ավագյանի շնչահեղձ ոգևորությունը՝ ինչ-որ մեկին հողին հավասարեցնելու: Եվ, իհարկե, վարչապետ խնամու լուռ համաձայնությունը:

Այստեղ վարագույրն իջավ: Ու երբ կրկին բարձրացավ, Սերժ Սարգսյանն արդեն լրիվ ուրիշ Ծառուկյանի հետ էր կանգնած: Ծառուկյանն ուրիշ էր, մինչ ինքը՝ նույնը: Եվ այդ Ծառուկյանը երեկ դարձավ Պատվո շքանշանակիր: Հիմա հետաքրքիր է, Սարգսյանն ընդհանրապես գիտի՞ ինչ է անում: Ինչու՞ է ծաղրում էդ մարդուն, որին ժամանակին վիրավորել էր: Էդ պարգևն ինչի՞ եք կախում մեկի վզից, ում մասին ձեր վերջին հրապարակային խոսքը եղել է տգիտության մեղադրանքը: Եթե տգիտությունը կրկին ձիու վրա է, միասին եք ձիու վրա, հետևաբար էդ տգիտությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի վրա: Այսինքն, ո՞նց՝ Գագիկ ջան, անցած լինի՞, որ քեզ տգետ ու Դոդ եմ ասել: Էլի որ անցած լինի: Ես՝ Գագիկս, չգիտեմ, թե ինչ է ներելը, հետևաբար, ի՞նչը անցած լինի, այ մարդ: Քամի՞ եք տատանել մարդուն վիրավորելով, զբաղեցրե՞լ եք մեր բոլորին էն մտքով, որ՝ Ծառուկյանից հեռու մնացեք: Հասկացանք, ուշ, բայց հասկացանք՝ հիմա, երբ որոշել ենք հեռու մնալ, բերում, շքանշանը կախում եք վզից: Սա ի՞նչ վրեժխնդրություն է: Ու էդպիսի քանի՞ տգետով եք ձեզ շրջապատել: Եվ, ուրեմն, ուրիշ ի՞նչ դեմք ունի կրկեսը Հայաստանում, եթե ոչ՝ ձեր դեմքը:

Չկա պետական մի պարգև, որին լուրջ վերաբերվեմ: Բայց էդ ես՝ շարքային լրագրողս, կարող եմ լուրջ չվերաբերել, քանի որ երբեք չեմ հասկացել որևէ կենսագրության զգեստավորումը մեդալներով: Այսօր այդ պարգևներն ավելի քան անհասկանալի են, երբ արվում են Հայաստանի Հանրապետության անունից: Քննարկելու չէ, որ նման լիազորություն ոչ ոք Սերժ Սարգսյանին չի տվել: Քննարկելին էդ մեդալների «կշիռը» բովանդակությունների հետ բռնացնելն է: Էլի «սիրեք» Ծառուկյանին, էլի տվեք նրան մեզ թալանելու և խեղելու լիազորությունը, բայց պետական պարգևը ի՞նչ կապ ունի դրա հետ: Էդ պարգևը դուք տալիս եք բոլոր նրանց անունից, ովքեր տեսել են, թե դուք ինչպես եք պատվազրկում մարդուն: Եվ մի մոռացեք, որ նա գործարար է՝ դուք մի օր քաղաքական ասպարեզից հեռանալու եք, և մի լուսավոր օր ինքն ու բոլոր մյուս մեդալակիրները պատմելու են, թե իրենց վրա ինչ է արժեցել պարգևը: Պատվո շքանշանն էն կշիռը չի ունեցել և չունի, որ որևէ մեկին լռեցնի, երբ խոսքը պետական հանցագործության մասին է:

Ես պետական և, նույնիսկ, մասնավոր պարգևները չեմ հասկանում, եթե դրանք փող կամ սոցիալական արժեք ունեցող որևէ նվեր չեն ենթադրում, բայց պարգևները մի խասիաթ ունեն՝ նրանք պետք է ամփոփեն և ամբողջությամբ մաս կազմեն իրենց հասցեատիրոջ բովանդակությանը: Պարգևները շնորհողը պետք է լինի այդ բովանդակության առաջին խոսափողը: Դուք տեռորով եք Ծառուկյանին քաշել ձեր կողմը, պատիվն ի՞նչ կապ ունի: Էդ պարգևները պետական ինստիտուտի մաս են՝ հաճելի է մեզ դա, թե՝ ոչ: Վաղը բոլորը հիշելու են, թե ինչ թեթևությամբ էիք ոչնչացնում քաղաքականապես ըմբոստ մեկին, որը սոսկ իր ձայնը չէր: Հետո փորձելու են հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ տգիտության մեջ մեղադրվող մեկը դարձավ Պատվո շքանշանակիր: Չեն ասի՞՝ էս 25 տարվա անկախություն ունեցող պետության մեջ էս անլրջությունն ինչպե՞ս է իրականացվել պետական մակարդակով: Ու երբ ասեն՝ գուցե Ծառուկյանն ու դուք կենդանի չլինեք, բայց մարդիկ նաև մեր մասին են, չէ՞, մտածելու, ինչպես մտածում են ոչ միայն Ստալինի, այլև նրան մատնագրեր և ձոներգեր գրողների մասին: Մեր երեխաները մեր վրա են ծիծաղելու և այդ ծիծաղը բացառելու է այս կյանքն ընկալելու մեր փորձի արդյունավետությունը: Որովհետև, ասելու են, չէ՞, դու ինչո՞վ էիր զբաղված, երբ պետության ղեկավարը շքանշան էր տալիս «կրկեսի» թագավորին:

Մեկնաբանել