Հայաստանի անկախության տոնի առթիվ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել շնորհավորական ուղերձով։
«Նախագահ Օբամայի և Ամերիկայի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ։
Միացյալ Նահանգները կարևորում է ջերմ բարեկամությունը Հայաստանի և ձեր բոլորի հետ։ Անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել, և իմ կառավարությունն ակնկալում է շարունակել սերտ աշխատանքը ձեզ հետ՝ ի սատարումն համատեղ բարգավաճման, ժողովրդավարական ուժեղ ինստիտուտների, օրենքի գերակայության և տարածաշրջանային խաղաղության։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային խաղաղարար գործողություններին և նրա առաջատար դերը Սիրիայի փախստականների ճգնաժամին արձագանքման հարցում։ Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ և մեծապես կայացած հայ համայնքի առկայության համար։
Այս հատուկ օրը ես լավագույն բարեմաղթանքներն եմ հղում բոլոր հայերին՝ մաղթելով խաղաղ և բարգավաճ տարի»,- ասված է պետքարտուղարի ուղերձում։
Հայաստանը անկախությունը հռչակել է 1991թ. սեպտեմբերի 21-ին: ԱՄՆ-ը ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկրներից է և առաջինը, որ դեսպանություն է բացել Հայաստանում: