Բրյուսել-Երևան-Բրյուսել առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։ Սեպտեմբերի 20-ին ArmWings և Brussels Airlines ընկերությունները ստորագրել են պայմանագիր ուղիղ չվերթի իրականացման շուրջ։
«Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ ArmWings-ը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը՝ որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ գործառույթ և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ: ArmWings-ը տեղեկացնում է, որ վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն:
Բրյուսելի և Երևանի միջև ուղիղ չվերթների իրականացման մասին հայտնի էր դարձել անցած շաբաթ՝ Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի և Բելգիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հանդիպման արդյունքներով:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը: