Նեթանյահուն կայցելի Ադրբեջան

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Ադրբեջան գլխավոր առաջնահերթություններից է:

Իսրայելի արտաքին գերատեսչության խոսնակը այցի հստակ ժամկետ չի նշել` ասելով, որ երկու երկրներն անընդհատ համագործակցության ընդլայնման նոր ուղիներ են փնտրում:

«Քաղաքական հարաբերությունները շատ լավն են: Մենք սերտ երկխոսության մեջ ենք էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության ոլորտներում, քանի որ ապրում ենք պոտենցիալ շատ վտանգավոր և անկայուն տարածաշրջանում»,- ասել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Էմանուել Նահշոնը:

Դիվանագետը նաև արտահայտել է իսրայելական կողմի շահագրգռվածությունը Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման հարցում՝ ընդգծելով, որ դա կարող է «ավելի մեծ դրական ազդեցություն» ունենալ երկկողմ հարաբերությունների վրա:

«Այցը Ադրբեջան առաջնահերթ հարց է Բենյամին Նեթանյահուի համար: Հուսով ենք՝ այն շուտով կկայանա: Դա Նեթանյահուի որոշումն է»,- ասել է Էմանուել Նահշոնը:

Վերջինս նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման ցանկություն է հայտնել:

Իսրայելա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման օգտին դեռ մայիսին հանդես էր եկել Իսրայելի պաշտպանության նորանշանակ նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը սերտ կապեր ունի Բաքվի հետ: Կնեսետում մի շարք անգամներ բարձրաձայնվել է Լիբերմանի գործունեությունը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կանխման ուղղությամբ, հայտնի է նրա բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում:

Ապրիլին իսրայելական կայքերը գրում էին, որ քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատար օդանավը՝ Ilyushin 76-ը, երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում՝ այդ երկրի տարածքում մնալով 2-3 ժամ:

Թել Ավիվի և Բաքվի մերձեցումն սկսվել է 2010թ. Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից հետո: 2012թ. փետրվարին Ադրբեջանի և Իսրայելի միջև կնքվել է անօդաչու թռչող սարքերի և հակադաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ գործարք՝ 1,6 մլրդ դոլար արժողությամբ: Նույն ամսին Իսրայելը Բաքվում բացել է անօդաչու թռչող սարքերի կառավարման ակադեմիա: Սերտ համագործակցություն գոյություն ունի նաև Բաքվի և Թել Ավիվի ռազմական հետախուզությունների միջև, մասնավորապես, հետախուզական տեղեկատվության և օպերատիվ միջոցառումների ոլորտում: Երկու երկրների դաշնակցության ևս մեկ վկայություն է տարեկան առևտրաշրջանառության ծավալը՝ 5 մլրդ դոլար, ինչը գերազանցում է Իսրայելի և Ֆրանսիայի փոխադարձ առևտրի ծավալները:

Մեկնաբանել