Աշխարհի ղեկավարները շնորհավորում են Հայաստանի անկախությունը

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, որոնք խոր պատմական արմատներ ունեն, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

«Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 1920-ից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը»,- ասված է Օբամայի ուղերձում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ

«Հայաստանը կարող է հպարտանալ անկախությունից ի վեր հաճախ դժվար իրավիճակում և տարածաշրջանային շրջակա միջավայրում, 25 տարիների իր անցած ճանապարհով: Գիտեմ, որ հայ ժողովուրդն ի զորու կլինի շարունակելու կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված իր մեծ ջանքերը:

Ինչպես գիտեք, ինձ հոգեհարազատ են պատմության մեջ արմատավորված մեր հարաբերությունները: Վստահ եղեք, պարոն Նախագահ, որ ջատագովն եմ լինելու էլ ավելի ամրապնդելու մեր երկու երկրները միավորող ցանկացած կապ:

Վերջում թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»։

Չինաստանի նախագահ Սի Ծինփին

«Անկախության ձեռքբերումից հետո՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր ոլորտներում զարգացման նշանակալի հաջողությունների է հասել: Հայաստանում Ձեր ղեկավարությամբ պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինաստանն անկեղծորեն ուրախ է դրա համար:

Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների»:

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկ

«Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ և վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաև այս տարի ապրիլին Գերմանիա կատարած Ձեր այցը: Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը»:

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ

«Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները Ձեր Ազգային տոնի առթիվ հատկապես այս տարի, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25-ամյակը, նաև Հայաստանի ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

«Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու և ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին` այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ:

Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով»։

Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին:

Մեկնաբանել