Պետք է արմատապես վերանայել պետական ապարատի խնդիրները․ Կարեն Կարապետյան

Պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը․ այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թ․ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին:

Խոսելով գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների և հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար, դրանք պետք է պետական բյուջեում ամրագրվեն, եթե անհրաժեշտ արդյունավետություն են ապահովում իրենց նպատակների իրագործման տեսանկյունից:

Այս առումով վարչապետը կարևորել է նաև նախարարությունների ենթակայության տակ գործող կառույցների գործառույթների իրականացման ու դրանց արդյունքում քաղաքացիների և տնտեսավարողների համար ստեղծվող հավելյալ արժեքի վերաբերյալ տնտեսական հիմնավորումները:

Մեկնաբանել