Մեր Ավետյաց Պետությունը, մեր մանկատունը

1998-ին Տիգրան Հակոբյանը նշանակվեց հենց նոր ընդդիմադիր դարձած ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայքի» խմբագիր: Մինչ այդ միայն իշխանության տեսակետը ներկայացրած թերթը այսուհետև պետք է հանդես գար ընդդիմադիր դիրքերից: Նոր խմբագիրը ոչ մեկին չազատեց աշխատանքից: Մեկ ամսից Հայաստանի ամենաչընթերցվող թերթը դարձավ առաջինը բոլոր թերթերից: Հետևաբար հարց է ծագում՝ ինչպե՞ս ենք վարվելու այն մարդկանց հետ, որոնք իրենց ժամանակակից «գաղափարներով», քաղքենու իրենց «տեսիլքներով» չեն կարող տեղ ունենալ այն Հայաստանում, «որը վաղն է գալու»:

Եգիպտոսից Ավետյաց երկիր գաղթող հրեաներից 40 տարի պահանջվեց երազանքների հողը մտնելու համար: 40 տարի այդ ազգը ճանապարհներին բյուրեղացվում էր, որպեսզի պատրաստ լինի իր «սեպտեմբերի 21»-ին: Երբ Իսրայելը կրկին դադարեց լինել պետություն, աշխարհասփյուռ հրեաները դարերով միմյանց մեկ մաղթանք էին հղում՝ գալ տարին Երուսաղեմի մեջ: 1948-ին նրանք ստացան այդ Երուսաղեմը: 1980-ականների սկզբին Գավառի մանկատունը մի դաժան տնօրեն ուներ: Երեխաներին ծեծում էր աջ ու ձախ, իսկ նրանց ծննդյան օրվա համար ուներ ունիվերսալ մի «մաղթանք», որը «սազում» էր բոլորին՝ ծնունդներդ չորանա: Ոչ մի երեխայի մտքով չէր անցնում այս իրավիճակը դուրս հանել մանկատան պատերից դուրս, երեխաների բնազդը հուշում էր, որ «դուրսը» կարող է միայն գլուխն օրորել և քաջալերել բարոյապես, սակայն տնօրենի վրա որևէ կերպ ազդել չէին կարող: Երեխաներից յուրաքանչյուրը մտածում էր, որ ինքը կլինի միակ բողոքողը և հետևաբար՝ պարանն իր պարանոցին ավելի կսեղմվի: Այդ մարդն այնքան դաժան էր իր հարվածներում, որ դաստիարակների ապտակները շոյանքի տեղ էին անցնում: Այնուամենայնիվ, մանկատան երեխաներից մեկն այդ ամենը պատմեց պատահական մարդկանց: Այդ տնօրենի դաժանությունն առաջին անգամ դարձավ գավառցիների սեփականությունը: Երեխան փաստորեն միայնակ այդ մանկատան ընդդիմադիր լրատվամիջոցն էր, հասարակական կազմակերպությունը, դիտորդը: Եվ ինքը «ֆինանսավորվում» էր ներսից՝ ուտում էր մանկատան հացը, կրում էր մանկատան հագուստը, սովորում էր մանկատան դաստիարակների օգնությամբ: Մեկ տարի հետո ամբողջ Գավառը փորձում էր հասկանալ, թե ինչպես է հնարավոր ծնող չունեցող երեխայի հանդեպ լինել այդքան դաժան՝ ի վերջո ո՞վ պիտի պատասխան տա: Այդ տնօրենին, որը մանկատունը ղեկավարել էր մոտ 10 տարի, կոմունիստական ղեկավարությունն արագորեն հեռացրեց: Նոր տնօրենի օրոք երեխաներն արդեն ունեին խոսքի իրավունք, ծեծը գրեթե բացառվեց, թեպետ նախկին իներցիան որոշ ժամանակ հետո փոքր-ինչ պահպանվում էր:

Գավառի մանկատունն ի վերջո ազատվեց անմարդկային վերաբերմունքից: Ինքը դարձավ համընդհանուր ուշադրության կենտրոն: Դրսում անմարդկային պայմաններից բողոքելն այլևս խնդիր չէր, յուրաքանչյուր երեխա դարձավ հ/կ, դիտորդ, «ընդդիմադիր մամուլ» և այլն: Մանկատունն արդեն բյուրեղացված էր վաղվա տնանկի և որբի համար: Հայաստանն անկախ է 25 տարի: Հայաստանը մեր Ավետյաց Երկիրն է, թող ներվի ասել՝ մեր մանկատունը: Յուրաքանչյուրն այստեղ ինքն իրենով մասնիկն է անկախության: Ես չեմ կարծում, որ Մովսեսը 40 տարում ազատվեց ստրկությունն արյուն դարձրած բոլոր հրեաներից, նրանցից ոմանք, ըստ իս, տեսան Ավետյաց երկիրը, որովհետև ոմանք պետք է արժանանային փորձությանն ու համեմատությանը: Ոմանց պետք է տրվեր համի փոփոխության զգացումը՝ ստրկության համից անցումը դեպի ազատության՝ Երկրի, համը: Այլապես հրեաները ստիպված պետք է լինեին ամեն ինչ սկսել զրոյից: Տիգրան Հակոբյանը, թող ներվի ասել, միայն իշխանության տեսակետը ներկայացրած լրագրողների մեջ ստրուկների չտեսավ: Թեպետ ոմանք,-դիցուք, ես,-մինչ այդ երբևէ որևէ ընդդիմադրի տեսակետն անձամբ չէին ձայնագրել:

Հայաստանն արդեն անկախ է և վայ Հայաստանին, եթե ոմանք դեռ Ավետյաց Երկրում չեն: Նրանք մեր քոսն են: Հայաստանն արդեն Պետություն է, ավելին, քան՝ Երկիրը, ունի իր օրենքները, իր քաղաքականությունը, սովորում է իր սխալների և նույնիսկ հանցագործությունների վրա: Եվ վայ նրան, որ այդ պետություն է մտել իր անցյալի ոսկե շղթաներով: Նա մեր Անկախության դիմադրողականության ձեռքբերովի վիրուսն է: Պետություն, նշանակում է, որ պաշտպանված է քո լեզուն, քո գիրը, քո տեսիլքը: Պետություն, նշանակում է ոտք, որը նաև Հետք է: Եվ վայ նրան, ում համար այդ Հետքը Պատմության դասագրքերում մնալն է, որովհետև Ասորեստանն էլ է առ այսօր Պատմության մաս: Անկախությունն առաջին սեր է, որովհետև մարդն առաջին անգամ ինքնորոշվում է սիրելիս: Երբ առաջին անգամ սիրահարվեցի, իմ կողքին չկար մեկը, որի աչքերի մեջ նայելով հասկանայի, որ մի թանկագին գաղտնիք ունեմ իմ մեջ, որն ինքը չունի: Դա ինձ մի քիչ երազկոտ դարձրեց: Չկար մեկը, ում ներկայությամբ ես այլևս նախկինը չէի: Այսօր ես գիտեմ, որ Անկախությունն աջ ու ձախ չի նայում: Ինքդ ես այն ամենը, որով իմաստավորվում են մյուսները:

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Մեկնաբանել