Մարուքյանը պատրաստ է միանալ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախագծին, եթե․․․

Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարություն-առաջարկին՝ նշելով, որ այն կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր։ Միաժամանակ նա նշել է, որ պատրաստ է միանալ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենթի նախագծին, եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն «Լուսավոր Հայաստանի» ինքնաբացարկ հայտարարի Վանաձորում։

Նախօրեին Մարուքյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ էր արել միավորել ջանքերը և համատեղ ուժերով հաղթել Հանրապետական կուսակցությանը։ Նա նշել էր, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ հաղթելու ամենամեծ շանսերն ունի «Լուսավոր Հայաստանը»։

Մարուքյանի այս հայտարարությանն արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ ներկայացնում է ՔՊ պաշտոնական դիրքորոշումը։ Վանաձորում հօգուտ «Լուսավոր Հայաստանի» ինքնաբացարկ անելու համար ՔՊ-ն առաջ էր քաշել երեք պայման՝ հայտարարել, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար; Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ; սեպտեմբերի 22-ին ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախագիծ։

Ի պատասխան վերոնշյալ հայտարարության՝ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է

«Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու Հանրապետական կուսակցության նկատմամբ: Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, hուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը: Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները: ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին և արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց, և այդ գործընթացի առաջամարտիկը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախագծին միանալու մեջ է, ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն «Լուսավոր Հայաստանի» ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենթի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից): Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին:

Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր նպատակների և թիմերի միջև»։

***

Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 2-ին։ Ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։

Ինքնաբացարկի վերջնաժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18։00-ին։

(Լուսանկարը՝ lorinews.am կայքից)

Մեկնաբանել