Համանախագահները առաջընթաց են ակնկալում առանցքային հարցերում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ՝ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով։

«Հանդիպումների ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում կայացված որոշումների իրագործմանը։ Մասնավորապես մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել պայմաններ բովանդակային բանակցություններում առաջընթացի համար, ինչը կարող է հանգեցնել լուծման։

Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել առաջարկությունների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև։

Մեր կառավարությունները պատրաստ են հյուրընկալել նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում՝ համապատասխան պահի»,- ասված է հայտարարության մեջ։

Միջնորդները տեղեկացրել են նաև, որ մոտ ապագայում ծրագրում են այցելել տարածաշրջան։

Նալբանդյանի և Մամեդյարովի հետ հանդիպումներին երեկ Թվիթերում առանձին անդրադարձել է նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները Նյու Յորքում ավարտվեցին։ Մենք առաջընթաց ենք ակնկալում առանցքային հարցերում»,- գրել է Ուորլիքը։

Մինսկի խմբի համանախագահների հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Նյու Յորքում կայացել էր սեպտեմբերի 20-ին։ Հանդիպմանը Նալբանդյանը նշել էր, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Մամեդյարով-համանախագահներ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 22-ին։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի սադրանքները, այդ թվում Աղդամի շրջանում զորավարժություների անցկացումը նպատակ ունեն խաթարել առաջընթացը բանակցություններում»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Արցախում այս օրերին իբրև թե անցկացվող զորավարժությունների մասին Բաքվի հայտարարությունները որակել է «ծիծաղելի»։

Մեկնաբանել