Վարչապետը նոր դիրքում այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել․ Արծվիկ Մինասյան

Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա․ այսպիսի հայտարարություն արեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հնարավոր հրաժարականի մասին հարցին։

Մինասյանը նշեց, որ ներկայում ինքը որպես պաշտոնակատար է զբաղեցնում պաշտոնը։ «Ըստ Սահմանադրության, ըստ օրենքի՝ կառավարության կազմավորումը ենթադրում է հանրապետության նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո նոր կհամարվի, որ նախարարը նշանակված է, թե ոչ։ Այս պահին ես պաշտոնակատար եմ էկոնոմիկայի նախարարի, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել նոր հրամանագիր»,- ասաց նա՝ ցանկացողներին հորդորելով մտնել իր աշխատասենյակ և տեսնել իր աշխատանքային գրաֆիկը։

Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններում չկա որևէ լարվածություն կամ որևէ կոնֆլիկտ։

Հարցին, թե արդյոք իրեն առաջարկել են այլ պաշտոնի անցնել, կամ կընդունի՞ արդյոք առաջարկը՝ թողնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և ստանձնել բնապահպանության նախարարինը, նա պատասխանեց, որ եղել է առաջարկ տարբեր ուղղություններով։ «Ես՝ որպես Հայ հեղափոխական դաշնակություն կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության Գերագույն մարմնում, որից հետո նոր մեր մոտեցումը կներկայացնենք»,- ասաց Մինասյանը:

Խոսելով կառավարության երեկվա նիստին հավանության արժանացած օրենքի նախագծի մասին, որի ընդունման դեպքում էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի ներդրուﬓերի և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, նա ասաց․ «Այո, պարոն վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել»։

Մինասյանը հավելեց, որ որևէ ձգտում չունի ամեն գնով պահպանել իր դիրքերը․ իրենց նպատակը երկրի տնտեսության առաջանցիկ զարգացմանը նպաստելն է։

***

Մամուլում վերջին օրերին շրջանառվում են լուրեր, թե Արծվիկ Մինասյանը նոր կառավարությունում չի պահպանելու էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և նշանակվելու է բնապահպանության նախարար։

Այս քննարկումներն սկսվել էին այն բանից հետո, երբ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության իր առաջին նիստին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ելույթն ընդհատել էր՝ ասելով, որ «չի հավատում» նրա ներկայացրածին։ Դրանից հետո մամուլում շահարկվում էր, որ նոր կառավարությունում Արծվիկ Մինասյանը չի պահպանելու պաշտոնը։

Մեկնաբանել