«Հրանտ Դինք» 8-րդ մրցանակը՝ Դիարբեքիրի «Իրավաբանների միությանն» ու մալավիացի գործչին

Սեպտեմբերի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած մրցանակաբաշխությունը, որի ընթացքում համանուն՝ թվով ութերորդ միջազգային մրցանակով պարգևատրվել է Դիարբեքիրի «Իրավաբանների միությունը»: Մրցանակի մյուս դափնեկիրը Մալավիում մանկական ամուսնությունների դեմ և հանուն երեխաների կրթության պայքարող Թերեզա Կաչինդամոտոն է:

Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշներից մեկը՝ Դիարբեքիրի «Իրավաբանների միությունը», պարգևատրվել է իր անկողմնակալության, մարդու իրավունքների հարցերի հանդեպ զգայունության, բռնությանը հակազդելու համար: Ընդգծվել են կազմակերպության ջանքերը մարդու իրավունքների խախտումների հետաքննությանը հետամուտ լինելու և անպատժելիությունը կանխելու ուղղությամբ, գնահատվել է Միության՝ բոլոր ժամանակներում խաղաղության լեզուն օգտագործելու ունակությունը և չնայած ծանր գնին՝ երբեք իր իդեալին չդավաճանելը:

Միության ղեկավար, քուրդ հայտնի իրավապաշտպան, իրավաբան Թահիր Էլչին սպանվել էր 2015թ. նոյեմբերի 28-ին՝ իր քաղաքական պայքարի և գործունեության համար: Թուրքիայում և դրանից դուրս հաճախ զուգահեռներ են անցկացվում 2015թ. Թահիր Էլչիի և 2007թ. «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունների միջև:

«Իրավաբանների միության» անունից մրցանակը ժյուրիի անդամներ Մուրաթան Մունգանից և Ռաքել Դինքից ստացել է Ահմեթ Օզմենը: Վերջինս մատնանշել է, որ հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում արտակարգ դրության հայտարարման հետևանքով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները չեն կատարվում: Նա ոգեկոչել է երկու հերոսներ Թահիր Էլչիի և Հրանտ Դինքի հիշատակը` նշելով, որ այժմ իրենց պարտավորությունն է պաշտպանել և առաջ տանել Էլչիի ու Դինքի թողած ժառանգությունը՝ հանուն խաղաղության կառուցման:

Ժյուրիի անդամներ Միշել Մարիանից ու Յըլդըզ Թարից մրցանակն ստացած մալավիացի Թերեզա Կաչինդամոտոն, որն իր երկրում պայքարում է երիտասարդների կյանքի բարելավման համար, իր ելույթում խոսել է հին մտածողության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ հանուն վերջնական նպատակի իրականացման, որն է՝ վերացնել Մալավիում վաղ ամուսնությունների ավանդույթն ու աղջիկներին և տղաներին տալ կրթությունն ավարտելու հնարավորություն:

«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, որին ես պատրաստ եմ»,- ասել է մրցանակակիրն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իր կողքին են:

Մրցանակաբաշխության ընթացքում «Ոգեշնչում 2016» տեսանյութերով գնահատանքի են արժանացել նաև Թուրքիայից և ամբողջ աշխարհից անհատներ և կազմակերպություններ, որոնք իրենց գործողություններով ապագայի հանդեպ հույս են արթնացնում:

«Հրանտ Դինք» մրցանակի մասին

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենում ամեն տարի՝ սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը: Այս տարի միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 22-ին մուսուլմանական տոնի հետ համընկնելու պատճառով:

2016թ. ժյուրիի անդամներն էին՝ 2015թ. մրցանակակիր, իրավապաշտպան Սամար Բադավին, 2015թ. մրցանակակիր KAOS GL ԼԳԲՏ ասոցիացիան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը, փիլիսոփա Էթյեն Բալիբարը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, փիլիսոփա Միշել Մարիանը, բանաստեղծ, գրող և գրաքննադատ Մուրաթան Մունգանը, ֆեմինիստական ուղղության գրող, իրավապաշտպան Շիրին Թեքելին և «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ, Դինքի այրի Ռաքել Դինքը:

«Հրանտ Դինք» մրցանակն ամեն տարի շնորհվում է Թուրքիայի ներսում կամ դրանից դուրս երկու անձանց, խմբերի կամ կազմակերպությունների, որոնք պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, իրենց իդեալների համար վտանգում են սեփական կյանքը, խոսում են խաղաղության լեզվով` այդ կերպ ոգեշնչելով և խրախուսելով մյուսներին: Այս մրցանակով «Հրանտ Դինք» հիմնադրամը նպատակ ունի հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իդեալների համար, որ նրանց ձայնը լսելի է, աշխատանքը՝ տեսանելի, և նրանք միայնակ չեն:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել