Քաղաքական գործիչները միանում են «Արդարություն Հայաստանում» արշավին

Հայաստանի քաղաքական գործիչները միանում են change.org-ում սկված «Արդարություն Հայաստանում» արշավին, որը նախաձեռնել էին Սփյուռքի և Հայաստանի մի շարք անվանի գործիչներ, որոնց թվում՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Նազարյանը, Հասմիկ Պապյանը, Հրանտ Թոխատյանը, Սերժ Ավետիքյանը, Վիգեն Չեթերյանը և ուրիշներ։

Սեպտեմբերի 22-ին արշավին միանալու և խնդրագիրը ստորագրելու կոչով է հանդես եկել «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյնանը, սեպտեմբերի 23-ին նախաձեռնությանը միանալու մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ուրախալի է, որ Սփյուռքում էլ են եկել այն համոզման, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհն անցնում է ազատ և արդար ընտրությունների միջով։ Համոզված եմ, որ մենք բոլորս միասին ունենք այդ ներուժը՝ համապետական հաջորդ ընտրությունների արդյունքում իսկական բեկում մտցնելու Հայաստանում»,- ասված է Վարդան Օսկանյանի հայտարարության մեջ։

«Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը և հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները՝ մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով և շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար, որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը և մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք: Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ և՛ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, և՛ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը»,- ասված է «Ժառանգության» նախագահի հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը և համոզմունք հայտնել, որ «անկախությունը քիչ արժեք ունի, երբ հանրության զգալի հատվածը դժգոհ է»: Թանկյանն իր էջում հրապարակել էր change.org-ում տեղադրված խնդրագրի հղում՝ կոչ անելով միանալ դրան:

«Արդարություն Հայաստանում» խնդրագրում Հայաստանի և Սփյուռքի մոտ երեք տասնյակ գործիչներ նշում են, որ «միասնաբար հանձնառու են Հայաստանում անհապաղ փոփոխություններ և արդարություն հաստատելու գործին»:

Մեկնաբանել