Ո՞վ է ղեկավարելու ԱՄՆ-ը․ Քլինթոն-Թրամփ առաջին բանավեճը

Երեկ կայացել է Միացյալ Նահանգների նախագահի հավակնորդներ Դոնալ Թրամփի և Հիլարի Քլինթոնի առաջին բանավեճը։ Թեմային անդրադարձել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Վերջապես նրանք հանդիպեցին. ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը նախորդ գիշեր մասնակցեցին առաջին բանավեճին: Բանավեճին ուղիղ եթերում հետևում էր ավելի քան 100 միլիոն մարդ:

Անդրադառնալով իր տնտեսական ծրագրին, Քլինթոնը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել հենց մարդկանց մեջ.

«Ես ցանկանում եմ ներդրում կատարել ձեր ապագայի մեջ: Դա նշանակում է նոր աշխատատեղեր ենթակառուցվածքների և առաջատար արտադրությունների ոլորտներում, մաքուր վերականգնվող էներգիայի եւ մանր ձեռնարկատիրության մեջ»,- ասել է Հիլարի Քլինթոնը:

Ի պատասխան Թրամփն ասել է, որ նախատեսում է նվազեցնել ընկերությունների հարկերը 35-ից մինչև 15 տոկոս, ինչը թույլ չի տա ընկերություններին տեղափոխել արտադրությունն արտերկիր, որտեղ աշխատուժի արժեքն առավել ցածր է.

«Մենք պետք է վերջ դնենք մեր աշխատատեղերի գողությանը, մենք պետք է թույլ չտանք մեր ընկերություններին լքել Միացյալ Նահանգները՝ աշխատանքից ազատելով բոլոր աշխատողներին»:

Բանավեճի ընթացքում Քլինթոնը նշել է, որ Թրամփը դատում է միայն հարուստ մարդու տեսանկյունից.

«Նա իրականում հավատում է, որ որքան շատ օգնես հարուստ մարդկանց, այդքան լավ կլինի, ես այդպես չեմ կարծում»,- ընդգծել է Քլինթոնը:

Թրամփն անմիջապես արձագանքել է.

«Հենց հարուստներ են ստեղծելու բազմաթիվ աշխատատեղեր: Նրանք ընդլայնելու են իրենց ընկերությունները և բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծելու»:

Հիլարի Քլինթոնի կարծիքով սակայն, հարուստների հարկերի կրճատումն ինքնին չի կարող օգնել բարելավել տնտեսությունը:

«Չեմ կարծում, որ հարուստների հարստացումը կաշխատի Ամերիկայում: Կարծում եմ, միջին խավի մեջ ներդրումները, ուսման վճարի թեթևացումը, մարդկանց հարկերի տրամադրումը՝ հենց սրանք են քայլերը, որոնք իրականում կօգնեն տնտեսությանը»,- նշել է Քլինթոնը:

Անդրադառնալով Թրամփի կողմից հարկային հայտարարագրի չբացահայտման հարցին Քլինթոնն ասել է, որ հավանաբար այդ փաստաթղթերում սարսափելի տեղեկատվություն է թաքնված, որի պատճառով Թրամփը խախտելով ավանդույթը հրաժարվում է դրանք հրապարակել: Թրամփն ի պատասխան խոստացել է հրապարակել հայտարարագիրը պետական մարմինների կողմից դրա հաշվեքննությունից հետո, ավելացնելով.

«Իրականում, ժամանակն է, որ այս երկիրը ղեկավարվի մեկի կողմից, ով փողի մասին գաղափար ունի»:

Անդրադառնալով անվտանգության խնդրին, Քլինթոնը հիշատակել է ռուսական հաքերների կողմից հարձակումները.

«Ես ցնցված էի, երբ Դոնալդը հրապարակայնորեն կոչ արեց Պուտինին կոտրել ամերիկացիների տվյալների բազան: Դա ուղղակի անընդունելի է»,- ասել է Հիլարի Քլինթոնը, նշելով, թր Թրամփն ի վիճակի չէ լինել գերագույն հրամանատար:

Ի պատասխան Թրամփը հիշեցրել է, որ դեռևս ապացուցված չէ, որ հաքերների հետևում հենց Ռուսաստանն էր կանգնած այլ ոչ, ասենք, Չինաստանը:

Ինչ վերաբերում է գլոբալ անվտանգությանը, Թրամփն առաջարկում է խնդրին գործարարի մոտեցում ցուցաբերել.

«Առաջինը, ՆԱՏO-ի 28 երկրներից շատերը վճարման իրենց բաժինը չեն կատարում և երկրորդը, քանի որ մենք պետք է նրանց պաշտպանենք, նրանք պետք է մեզ վճարեն գոնե պայմանագրով նախատեսված վճարը»:

Բանավեճի նախօրեին Բլումբերգի կողմից անցկացված հարցման համաձայն Քլինթոնն ու Թրամփը յուրաքանչյուրը ստացել էին ամերիկացիների 46 տոկոսի աջակցությունը: Նախնական հարցումների համաձայն դեռևս պարզ չէ, թե ով է հաղթել առաջին բանավեճի ընթացքում, սակայն, ընտրողների 80 տոկոսն արդեն իսկ նշել են, որ բանավեճից հետո թեկնածուների մասին իրենց կարծիքը չեն փոխել:

Մեկնաբանել