«Ժողովրդավարական խառնաշփոթ՝ առանց փրկչի». Վրաստանը՝ ընտրությունների նախաշեմին

Նախընտրական քարոզարշավը Վրաստանում թևակոխել է եռուն շրջան. փողոցները լի են կուսակցությունների և թեկնածուների պաստառներով, հեռուստաալիքների թողարկումների մեծ մասը նվիրված է քարոզարշավին և քաղաքական ուժերի ավանդական փոխադարձ մեղադրանքներին:

Հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների ելքից կախված է այն, թե ով կմտնի նոր կառավարության կազմ: Սահմանադրության համաձայն՝ լավագույն արդյունքները ցուցաբերած ընտրական սուբյեկտը վարչապետի թեկնածություն կներկայացնի: Կառավարության նոր կազմը պետք է արժանանա պատգամավորների մեծամասնության աջակցությանը:

Նախորդ՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունները անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ հանգեցրին երկրում ընտրական ճանապարհով խաղաղ իշխանափոխության: «Վրացական երազանք» դաշինքն այն ժամանակ ստացել էր խորհրդարանի տեղերի մեծ մասը, իսկ իշխանության ղեկին կանգնած՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» խորհրդարանում ձևավորեց խոշորագույն ընդդիմադիր խմբակցությունը:

Քաղաքական ուժերի ներկայիս դասավորության և բարձր մրցակցության պայմաններում, որոշ քաղաքագետների կարծիքով, բարձր է հավանականությունը, որ Վրաստանում ընտրություններից հետո կձևավորվի բազմակուսակցական խորհրդարան և կոալիցիոն կառավարություն:

Ինչ է պետք իմանալ վրաստանյան ընտրությունների մասին

Հոկտեմբերի 8-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են 150 պատգամավոր չորս տարով. նրանցից 77-ը խորհրդարան կմտնի համամասնական, 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Անցյալ շաբաթ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հունիսի 8-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի՝ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 կուսակցություն և 6 քաղաքական բլոկ, քվեարկությանը մասնակցելու է 3,510,514 ընտրող, ընթացքին հետևելու են 74 տեղական և 32 միջազգային կազմակերպություններ, հավատարմագրվել է 34 լրատվական:

Հաշվարկի ուղիղ հեռարձակում և այլ նորամուծություններ

Ինչպես հայտարարել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան, այս տարվա ընտրությունների ընթացքը հեշտացնելու նպատակով կիրառվելու են որոշ նորամուծություններ:

Բացի նրանից, որ քաղաքացիները կարող են առցանց ստուգել իրենց անունների առկայությունը ընտրացուցակներում, պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է տրվելու դա անել տերմինալների միջոցով՝ ներմուծելով անձնական տվյալները:

Վրաստանի ԿԸՀ-ն ձեռնարկել է նաև քայլեր հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունն ընտրություններում հնարավորինս խթանելու համար:

Թամար Ժվանիայի տեղեկացմամբ՝ ԿԸՀ-ի կայքը Վրաստանի առաջին կայքն է, որն ամբողջությամբ հարմարեցված է տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Բացի այդ, ավելացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված ընտրատեղամասերը:

Առաջին անգամ կառույցը հավանություն է տվել Գենդերային հավասարության քաղաքական փաստաթղթին, որն ապահովում է ընտրական գործընթացի վարչական պաշտոններում կանանց և տղամարդկանց հավասարաչափ ներգրավվածությունը:

Եվս մեկ կարևոր նորամուծություն է ԿԸՀ-ի գրասենյակից ձայների հաշվարկի ուղիղ հեռարձակումը, որը նույնպես տեղի է ունենալու առաջին անգամ:

Եվ վերջապես, ԿԸՀ-ն պայմանագրեր է կնքել տեղական դիտորդական կազմակերպությունների և երկրի ներքին գործերի նախարարության հետ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրական մթնոլորտ ապահովելու նպատակով:

Քաղաքական ուժերը

Միլիարդատեր, մեկենաս Բիձինա Իվանիշվիլիի հիմնած «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, ինչպես և Հանրապետական կուսակցությունը, «Ազգային ֆորումը» և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ»-ը, որոնք 2012թ. միավորվել էին «Վրացական երազանք» դաշինքում, առաջիկա ընտրություններին մասնակցում են միմյանցից անկախ: Իշխող կուսակցության գլխավոր մրցակիցն, ըստ ամենայնի, կրկին լինելու է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը», որը հանդես է գալիս «Եվրոպական Վրաստան» կուսակցության հետ բլոկի տեսքով:

BBC-ն նկատում է, որ քիչ իրատեսական է թվում, որ կուսակցություններից որևէ մեկին կհաջողվի ընտրություններում նշանակալի առավելության հասնել և մեծամասնություն ձևավորել խորհրդարանում: Դա մեծացնում է նորընտիր խորհրդարանում արդեն ընտրություններից հետո կոալիցիայի ձևավորման հավանականությունը, ինչը նոր էջ կարող է բացել Վրաստանի ժողովրդավարական զարգացման պատմության մեջ:

«Վրաստանն առանց փրկիչների ընտրություններ է անցկացնում». Թոմաս դե Վաալ

Վրաստանը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, որոնց այդքան նորմալ լինելը արտասովոր է հետխորհրդային տարածքի չափանիշներով, գրում է ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:

Վերջինս վստահ է՝ իշխող «Վրացական երազանքի» հաղթանակը երաշխավորված չէ, թեև մայրաքաղաքից դուրս այն շատ ազդեցիկ է և կարող է բավականաչափ տեղեր ստանալ միամանդատ ընտրատարածքներում:

Մյուս կուսակցությունները նույնպես կարող են բավականաչափ տեղեր ստանալ խորհրդարանում և կասեցնել «Վրացական երազանքի» բացարձակ մեծամասնությունը:

Սա, ըստ դե Վաալի, աչքի զարնող տարբերություն է Ռուսաստանից, որտեղ նախագահ Վլադիմիր Պուտինի «Միացյալ Ռուսաստանը» շահեց ևս մեկ շլացուցիչ հաղթանակ սեպտեմբերի 18-ի խորհրդարանական ընտրությունում, կամ Ադրբեջանից, որը սեպտեմբերի 26-ին անցկացնելու է սահմանադրական հանրաքվե [հոդվածը գրվել է հոկտեմբերի 26-ին – ՍիվիլՆեթ], որը կարող է գրեթե անվերջ դարձնել նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը:

Դե Վաալը մատնանշում է, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ չկա որևէ մեկ, գերիշխող խարիզմատիկ ֆիգուր:

Վրաստանի երկու տիտաններից և ոչ մեկը՝ ո՛չ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ո՛չ էլ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, չեն մասնակցում ընտրությանը, չնայած շարունակում են թաքնվել ետնաբեմում և հանդես գալ հեռուստահարցազրույցներով: Առաջին անգամ Վրաստանի արդի ժամանակաշրջանում առաջին ազատ ընտրությունից ի վեր, որը տեղի էր ունեցել 1990թ., չկա փրկիչ, այլ սովորական քաղաքական գործիչների ընտրություն:

««Վրացական երազանքի» առաջնորդը ներկայիս վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին է, որին վերագրվում է Վրաստանում քաղաքական ջերմաստիճանի իջեցումն և որը համարվում է լավ մենեջեր»,- գրում է փորձագետը՝ նշելով, որ Կվիրիկաշվիլին ընտրությունից հետո ըստ ամենայնի կպահպանի իր պաշտոնը և այդ դեպքում ի վիճակի կլինի դուրս գալ Իվանիշվիլիի ստվերից:

Պրագմատիկ Դավիթ Բաքրաձեն գլխավորում է Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը», որը վերաբրենդավորվելով՝ փորձել է իրեն փոքր-ինչ անջատել նախկին նախագահի ժամանակաշրջանի հետ վատ ասոցիացիաներից: Ցուցակի երկրորդ տեղում Սաակաշվիլիի հոլանդացի կինն է՝ Սանդրա Ռուլոֆսը, որի հանգիստ խառնվածքն, ըստ դե Վաալի, շատ է տարբերվում ամուսնու տաքարյունությունից:

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետը եզրակացնում է, որ եթե այս երկու կուսակցությունները շահեն ամենաշատ տեղերը խորհրդարանում, նրանցից յուրաքանչյուրը ներկայացվելու է պրոֆեսիոնալ օրենսդիրների ցուցակներով, որոնցում շատ են կանայք:

Փորձագետը կանխատեսում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքը կարող է խառնաշփոթի նմանվել, սակայն ժողովրդավարական խառնաշփոթի:

«Եթե հստակ արդյունք չգրանցվի, դա կլինի թեստ Վրաստանի ինստիտուտների համար՝ նախագահի, քաղծառայողների, մամուլի և դատարանների, որոնք պետք է շարունակեն առաջ տանել պետական նավը»,- գրում է դե Վաալը և համոզմունք հայտնում, որ Վրաստանում ընթացող պետականաշինության շնորհիվ կան հիմքեր ենթադրելու, որ նրանք կհաջողեն:

«Արդյունքը թեստ կլինի նաև Վրաստանի արևմտյան բարեկամների համար, որոնք հաճախ խոստանում են ավելին, քան տալիս են»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ Եվրամիությունը Վրաստանին խոստացել էր բոլոր պարտավորությունների կատարումից հետո վիզային ռեժիմի ազատականացում, սակայն քիչ հավանական է թվում, որ Եվրախորհրդարանը կհաստատի գործարքը նախքան հոկտեմբերի ընտրությունները:

«Վերլուծաբանները կարող են միայն հուսալ, որ ԵՄ-ն ավելի լավ կդրսևորի իրեն վրացական նոր կառավարության ձևավորումից հետո»,- եզրափակում է դե Վաալը:

Ստելլա Մեհրաբեկյան