Նշանակումներ նոր կառավարությունում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել կառավարությունում նոր նախարարների նշանակումների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, Արծվիկ Մինասյանի փոխարեն էկոնոմիկայի նախարար է նշանակվել ֆինանսների նախկին փոխնախարար Սուրեն Կարայանը։ Արծվիկ Մինասյանը նշանակվել է բնապահպանության նախարարի պաշտոնում։

Առողջապահության նախարար է նշանակվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը՝ փոխարինելով Արմեն Մուրադյանին։

Հասմիկ Պողոսյանի փոխարեն մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը, որը նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից։

Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ Գաբրիել Ղազարյանի փոխարեն։

Նոր կառավարությունում իրենց պաշտոններում են վերանշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ևս վեց նախարարի անուն․ ֆինանսների նախարար էր նշանակվել Վարդան Արամյանը, տրանսպորտի և կապի նախարար՝ Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Աշոտ Մանուկյանը, գյուղատնտեսության նախարար՝ Իգնատի Առաքելյանը։ Դավիթ Հարությունյանը վերանշանակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Իր պաշտոնը պահպանել էր նաև Վաչե Գաբրիելյանը՝ նշանակվելով միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ:

Մեկնաբանել