Վարչապետը գործնական լուծումներ է ակնկալում բանկային համակարգից

Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 27-ին խորհրդակցություն է ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:

«Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները և սպասումները, որոնք ֆինանսական ու տնտեսական համակարգն ակնկալում է կառավարությունից: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաև առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին՝ մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը, այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման և տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Սեպտեմբերի 27-ին՝ նախքան վարչապետի հետ խորհրդակցությունը, Կենտրոնական բանկը 0․5 տոկոսային կետով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6․75%։ Անցած շաբաթ էլ ԿԲ-ն իջեցրել էր ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը՝ 20%-ից 18%-ի․ այս տոկոսադրույքը, որը էական ազդեցություն ունի Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների վրա, անփոփոխ էր 1 տարի 8 ամիս։

«Հայկական ժամանակ» թերթը երեկ այս առնչությամբ գրել էր, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության մեջ այս կտրուկ փոփոխությունը պայմանավորված է քաղաքական նկատառումներով, և այսպիսով ԿԲ-ն աջակցում է նոր վարչապետին:

Մեկնաբանել