Հայաստանում փոփոխությունների սպասման իսկական փսիխոզ է սկսվել։ Թատրոնի ռեժիսորը SMS է ուղարկել մշակույթի նախկին նախարարին և շնորհավորել, որ երեկվանից հայ մշակույթը փրկվելու շանս ունի։ Ընկերներ, հայ մշակույթը փրկվելու ոչ մի շանս չունի։ Որովհետև դուք չեք փրկվում։ Մշակույթը փրկվում է, երբ դուք կաք այնքան, որ այն ոչնչացնողը ձեր ներքին պայծառության հետևից չի հասցնում։
Հասմիկ Պողոսյանը մշակույթ չի ոչնչացրել։ Նա պարզապես մեկտեղել է բոլորին, որոնք մշակույթ չեն։ Նա ձեր բոլորի անունից ներկայացրել է մշակույթը, մինդեռ դուք մշակույթի ներկայացուցիչ չեք եղել։ Այդ կինը պարզապես մշակույթի հետ ընդհանուր ոչինչ չունեցողների ատամներն է հաշվել, որպեսզի ավելորդ ոգևորություն չցուցաբերեն։ Եթե ձեր՝ փսիխոզի մեջ ընկածների ատամները, դուրս են մնացել այդ հաշվարկից, չի նշանակում, որ Հասմիկ Պողոսյանը մշակույթ էր ոչնչացնում։ Եթե Գառնիում ռեստորան էր բացում, եթե օպերայում ռաբիսի համերգ էր կազմակերպում, պատճառն այն է, որ հաշված ատամներով գործիչները և հաշվարկից դուրս մնացածներդ բացարձակապես եղանակ ստեղծող չէիք։
Հասմիկ Պողոսյանն ավելին էր, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Մշակույթի ներկայացուցիչը մշակույթի նախարարությունից չի կարող սպասելիքներ ունենալ։ Եթե նա ուզում է ոչնչացնել Գառնին ու Օպերան, ուրեմն դրանք ենթակա են ոչնչացման, որովհետև մշակույթ ասվածը դուք եք։ Որովհետև Գառնին ու Օպերան իրենք իրենց կարող են պաշտպանել, եթե կարողանան ընդհանուր ոչինչ չունենալ այդ կնոջից սպասելիքներ ունեցողների և չունեցողների հսկայական բանակից։ Նրանք կարող են իրենց պաշտպանել, եթե «իմաստավորողները» սպասելիքներ ունեցողները կամ չունեցողները չլինեն։
Հասմիկ Պողոսյանը, այո, եկել էր ավերելու, բայց այդ ավերումը շարունակելու է եկել Արմեն Ամիրյանը։ Որովհետև նա փսիխոզի ներկայացուցիչն է։ Այլ հարց է, որ Արմեն Ամիրյանն ավերելու ոչինչ չունի, որովհետև դուք արդեն ավերակներ եք։ Բայց կան նրանք, որոնք երբեք այդ նախարարության կողմը չեն նայել։ Ու, երբ նրանք մտնեն փոփոխությունների փսիխոզի այս համահայկական հոսանքի տակ, այդ ժամանակ կգա հույսի նրանց «աստեղային» ժամը՝ իրենցից այդ նախարարի միջոցով ինչ-որ բան ներկայացնելու։ Հասմիկ Պողոսյանն ավերող էր, որովհետև դուք նրանից ավելին չէիք, ձեր աստղակերպությունը պետք է համաձայնեցվեր նրա հետ կամ, առնվազն, նա պետք է լիներ ձեր աստղակերպության ստնտուն։ Հիմա նա չկա։ Եվ ի՞նչ։ Ես բանաստեղծների գիտեմ, որոնց համար նա երբեք էլ չի եղել։ Էդ բանաստեղծներն Արմեն Ամիրյանի տեղն էլ չեն իմանալու, որովհետև հենց իմացան, փորձելու են նրանից մուրալ իրենց նշանակալիությունը։ Գլխավորը մշակույթի մեջ անհեթեթով չտարվել։ Իսկ անհեթեթեը ձեր սպասումն է, որ «զարմանալի պայծառ մի առավոտ ձեզ բանաստեղծ կդարձնեն»։
Ո՞վ է մշակույթի նախարարը, ընկերներ։ Քաղաքականություն մշակո՞ղը։ Կոմիտասին կամ Արամ Խաչատրյանին, Նարեկացուն կամ Երվանդ Քոչարին աշխարհի ներկայացուցիչ դարձնո՞ղը։ Հենց դա է հարցը՝ այս մարդիկ իրենց ճանապարհը հարթել են։ Նրանց իմաստավորողները մեր մեջ չեն, մեզանից չեն։ Աշխարհն արդեն զբաղվում է նրանցով։ Գուցե մե՞զ է պետք աշխարհի ներկայացուցիչ դարձնել։ Հենց այստեղ է հարցը։ Արմեն Ամիրյանն ու՞մ գիտի։ Ջիվան Գասպարյանից ու Տիգրան Մանսուրյանից բացի։ Ժամանակակից նախարարության խնդիրը մոտավորապես այն է, ինչն արդեն անում են «Անտարեսն» ու մեկ երկու հրատարակչություն։ Նախ աշխարհը պետք է ներմուծել Հայաստան։ Նախ մեզ պետք է հագեցնենք աշխարհով, որպեսզի մի օր պատրաստ լինենք բացվելու առ աշխարհը։
Անձամբ իմ կարծիքով այդ նախարարության գոյությունն անհեթեթ է, որովհետև մշակույթը «տարածքներ» է նվաճում ֆոնդերով, պետությունը բավարար ճաշակ չունի մշակույթ ընկալելու, պետության ճաշակը քննություն չի բռնում, ավելի ճիշտ քննություն չի հանձնում։ Իսկ ինչպե՞ս չի հանձնում։ Որովհետև այն անում է ամենասարսափելին՝ նախ կեղծում է իշխանության ձևավորումը։ Իսկ մշակույթը կեղծված իշխանության միջավայրում ամենաանհետաքրքիրն է, ինքը մի օր դառնում է սերիալ կամ ռաբիս, ինքը մի օր դառնում է զանգվածային փսիխոզի ներկայացուցիչ, ինքը Արմեն Ամիրյանին դարձնում է փրկիչ՝ ձեռքի տակ չունենալով միջավայր, որտեղ այդ նախկին երիտասարդը փրկիչ է աշխատել։
Գուցե Հանրային ռադիո՞ն։ Բայց Հանրային ռադիոն զուտ փաթեթավորում է, ինչպես փաթեթավորում է Կարեն Կարապետյանի կառավարությունը, այն գործ անելու համար չէ, այլ հուսահատների մի վերջին հույսի փաթեթավորումը։ Այսինքն, ամբողջ իշխանությունը գիտի, որ այդ կառավարությունը գործ չի անելու, գուցե Աբրահամյանի մի քանի սխալ որոշումները հետողորմյա անի, բայց իրենից ոչինչ չի անելու, որովհետև ինքը՝ Կարեն Կարապետյանը, նույնպես փսիխոզի միջավայրի մեջ է, թեպետ առաջամարտիկն է։ Եթե սա ագռավի կռկռոց է, գոնե չի նշանակում, որ սխալ մարդու են բերել այդ նախարարություն։ Պարզապես նշանակում է, որ ում էլ բերեն, սխալ մարդ է լինելու։ Որովհետև մշակույթը կամ եղած արժեքների վրա դողալն է, իսկ դա զգացվում է, ասենք, ընտրությունների ժամանակ, կամ արժեքներ բերելը, իսկ դրա համար նախարարություն պետք չէ։ Թեպետ պետություն պետք է։ Որը չպետք է խանգարի, որ մարդիկ զբաղվեն ամբողջ աշխարհը Հայաստան բերելով կամ Հայաստանը ամբողջ աշխարհին ներկայացնելով։