93 տարեկանում կյանքից հեռացել է իսրայելական քաղաքականության վետերան և խաղաղապահ, Իսրայել պետության հիմնադիր հայր, նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսը: Նա Իսրայելի քաղաքական ասպարեզի առաջատար ֆիգուրներից էր Իսրայել Պետության գոյության ամբողջ ընթացքում: Նրան համարում են ազգային պաշտպանական-արդյունաբերական համալիրի և միջուկային ծրագրի հիմնադիր, մերձավորարևելյան խաղաղ գործընթացի ճարտարապետ:
«Ես չեմ երազել նախագահ դառնալու մասին: Ես երազել եմ դառնալ հովիվ կամ բանաստեղծ»,- 2007թ. իր ելույթներից մեկում ասել էր Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսը:
“Երբ ձեր մարմինը վտանգված է, դուք գիտեք դրա մասին: Երբ վտանգված է ձեր ուղեղը, դուք դրա մասին չգիտեք: Վարժեցրեք ձեր ուղեղը:
«Կցանկանայի, որ իմ մասին ինչ-որ մեկը գրեր, որ ես փրկել եմ գեթ մեկ երեխայի կյանք: Սա ամենից շատ կբավարարի ինձ»,- պատասխանել էր Պերեսը հարցին, թե ինչպես կցանկանա, որ իրեն հիշեն:
Երազանքին հակառակ՝ Իսրայելի նախկին նախագահն իր անցած քաղաքական ճանապարհով ու տեսլականով դարձավ իսրայելական քաղաքականության առանցքային դեմքերից: Շիմոն Պերեսը զբաղեցրել է Իսրայելի գրեթե բոլոր կարևոր պետական պաշտոնները՝ Իսրայելի 12 կառավարություններում: Նա եղել է պաշտպանության (երկու անգամ), արտաքին գործերի (երեք անգամ), ներքին գործերի, ֆինանսների, կապի, տրանսպորտի, կլանման (աբսորբցիայի), Նեգևի և Գալիլեայի զարգացման, տարածաշրջանային զարգացման, կրոնական հարցերի, տեղեկատվության և Սփյուռքի նախարար: Սակայն երբեք Պերեսը չի վայելել այնքան մեծ ժողովրդականություն, որքան նախագահի պաշտոնում: Նա երբեք չի դադարել հավատալուց, որ հնարավոր է գտնել պաղեստինցիների հետ հակամարտության քաղաքական լուծում:
“Երբ կարծում եք՝ երկու ընտրություն կա, միշտ առկա է երրորդը՝ չփորձվածը:
1990-ականներին նա շատ ժամանակ և ջանքեր էր նվիրում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորմանը: Նա դարձավ 1993թ. Օսլոյում կնքված խաղաղ պայմանագրի ճարտարապետներից, ինչի համար մեկ տարի անց Իցհակ Ռաբինի և Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ միասին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Իր բազմաթիվ ոգեշնչող ելույթներում Շիմոն Պերեսը մշտապես կոչ էր անում ունենալ մեծ երազանքներ և կենտրոնանալ ապագայի վրա, քանի որ «անցյալը մահացած է»: Ստորև ներկայացնում ենք Ուկրաինայում մեկ տարի առաջ իսրայելցի լեգենդար քաղաքական գործչի ելույթը՝ որոշ կրճատումներով:
Բնության ամենամեծ հարստությունը մարդն է
«Մենք երազում էինք մեր հողի մասին, սակայն մեր ստացած հողը երազանք չէր: Դա մի փոքր հողակտոր էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերոդ մասը: Այդ հողը մեզ շատ լավ չվերաբերվեց: Այնտեղ կային ճահիճներ, մոծակներ, հարավում՝ անապատ, քարեր: Պետք էր ընտրել մոծակների և քարերի միջև: Այդ հողի վրա կար երկու լիճ՝ մեկը՝ մեռյալ, մեկը՝ մեռնող: Կար հայտնի գետը, սակայն դրանում էլ ջուր չկար: Այսինքն՝ ջուր ընդհանրապես չկար: Չկային նաև բնական պաշարներ՝ ո՛չ ոսկի, ո՛չ նավթ: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում կա երկու տեսակի երկիր՝ նավթային և սուրբ: Մերը բացարձակ սուրբ էր, քանի որ ընդհանրապես ոչինչ չկար:
Մենք միայնակ էինք: Մենք չունեինք եղբայր՝ կրոնով, քույր՝ լեզվով, հարևան՝ պատմությամբ: Այդ ամենը Հոլոքոստից հետո էր: Մենք եկանք այնտեղ և չգիտեինք՝ ինչ անել: Իսկապես չգիտեինք:
Եվ մենք մտածեցինք՝ բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ են հարստացրել հողը, ոչ թե հողը՝ ժողովրդին:
Մենք դարձանք գիտնական: Յուրաքանչյուր հողագործ Իսրայելում, յուրաքանչյուր կիբուց սկսեց ուսումնասիրել՝ ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը առանց ջրի, առանց հողի: Մենք սկսեցինք զարգացնել այն: Դա աշխարհում առաջին գյուղատնտեսությունն էր՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների վրա: Ես ինքս այն ժամանակ գյուղատնտեսական համալսարանի ուսանող էի, մենք փորձում էինք ոռոգում անել՝ ծառերը ջրում էինք տաք ջրով՝ մտածելով, որ դրանք այդպես ավելի լավ կաճեն:
Ի զարմանս մեզ՝ պարզվեց, որ ոչ միայն հողի, այլև բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված գյուղատնտեսությունը աշխատում է: Այսօր մենք ունենք բավականաչափ ջուր: Ջուրը սովորաբար գտնում են, ոչ թե հայթայթում: Իսկ մենք սկսեցինք հայթայթել և հաջողեցինք:
Մենք սկսեցինք այն աղազատել, մենք հայթայթում էինք բանջարեղեն, որը շատ ջուր չի խմում, սելեկցիայով էինք զբաղվում: Ահա ձեզ իսկական գաղտնիք՝ ապագայի համար կարևոր է ոչ թե ձեր գտածը, այլ ձեր արտադրածը:
Մենք չունեինք մարդիկ, սպառազինություն, մենք երբեք չէինք կռվել, ունեինք ընդամենը 450 հազ. մարդ, չկային գեներալներ, ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, սակայն փաստացիորեն պատերազմ էր ընթանում: Ի՞նչ կարող էինք անել: Երկու բան:
Առաջինը՝ մարդիկ պետք է դառնային խիզախ և անվախ: Նրանք պետք է հասկանային, որ չկա ընտրություն. մենք պետք է միայն հաղթենք: Եթե մենք գեթ մեկ անգամ պարտվենք՝ վերջ:
Երկրորդ՝ քանի որ չունեինք զենք, սկսեցինք այն արտադրել: Բանակը կատարելագործելու համար սկսեցինք զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները: Իսրայելական ՏՏ ոլորտն աշխատում էր բանակի վրա, քանի որ մենք մենակ էինք թշնամական շրջապատում:
Ինչի՞ համար եմ ես սա պատմում: Մինչև այժմ ես ասում եմ երիտասարդ տղաներին և աղջիկներին. «Ընկերներ, դուք ունեք ավելին, քան մտածում եք: Մի եղեք ծույլ: Դուք ունեք ավելին, քան կարող է առաջարկել հողը: Դուք կարող եք արտադրել բաներ, որոնք ձեզ տրված չեն»: Սա դաս է բոլորի համար:
Բոլոր մարդիկ ունեն մեծ ներուժ: Սակայն նրանք բոլորը մի քիչ ծույլ են: Եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, աշխատեք: Ոչինչ երկնքից չի ընկնում: Մենք Իսրայելում շատ ենք աշխատել: Ի՞նչ կա դրանում վատ: Չգիտեմ… Մարդիկ արձակուրդ են գնում. դա ժամանակի զուր ծախս է: Ես արդեն 90 տարեկան եմ և երբեք արձակուրդ չեմ գնացել: Ինձ ասում են՝ «Դու աննորմալ ես: Ինչպե՞ս ես հանգստանում»: Իսկ ես նախընտրում եմ աշխատել: Ես աշխատանքից բերկրանք եմ ստանում: Եվ մի եղեք վատատես. դա նույնպես ժամանակի զուր ծախս է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են:
Բազմաթիվ մարդիկ նախընտրում են հիշել, այլ ոչ թե պատկերացնել. դա ամենամեծ սխալն է: Ի՞նչ եք ուզում հիշել: Բոլոր սխալները, որոնք գործե՞լ եք: Չի կարելի հիմնվել պատմության վրա: Պատմիչները թագավորների և իշխանության մոտ կանգնածների մունետիկներն էին. նրանք ասում էին այն, ինչ պետք էր:
Մարդիկ ինչ-որ բանից վախենում են… Միայն Աստված գիտի՝ ինչ է մեզ հետ լինելու:
Ինձ երբեմն հարցնում են՝ «Եթե հետ նայես՝ որո՞նք էին ամենամեծ սխալները»: Ես պատասխանում եմ. «Մենք մտածում էինք, որ մեծ երազանքներ ունենք, իսկ այժմ հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին»: Ավելիի մասին երազեք: Որքան մեծ է երազանքը, այնքան մեծ են նվաճումները:
Մարդիկ ինձ հարցնում են՝ ինչպես ակտիվ մնալ: Դա շատ հեշտ է: Մտքում հաշվեք ձեր նվաճումներն ու երազանքները: Եթե երազանքներն ավելի շատ են, քան նվաճումները, ուրեմն դուք դեռ երիտասարդ եք: Եթե հակառակը՝ ուրեմն ծեր եք»:
Շիմոն Պերեսը՝ Վարդան Օսկանյանի հուշերում
Շիմոն Պերեսի վախճանի լուրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ անկախ նրա դիրքորոշումներից և վերաբերմունքից Հայոց ցեղասպանության հարցում՝ «Պերեսն արժանի է հարգանքի ու դրվատանքի՝ հաշվի առնելով նրա անհերքելի ներդրումը Իսրայել Պետության ստեղծման և կայացման գործում»։
Ստորև ներկայացնում ենք Օսկանյանի հուշերի գրքից Շիմոն Պերեսի հետ հանդիպման մասին հատվածը։
«Պերեսը ցանկացավ սառույցը կոտրել օղու միջոցով»
Հայաստանի և Իսրայելի միջև ամենամեծ կնճիռը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Իսրայել Պետությունը միշտ դեմ է եղել ճանաչմանը։ Չնայած Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, փորձեր եղել են Ցեղասպանության հարցը օրակարգում ընդգրկելու ուղղությամբ, սակայն գործադիր իշխանությունները միշտ խոչընդոտել են։ Հրեական լոբբին Վաշինգտոնում նույնպես այս հարցում մշտապես հակադրվել է հայկական լոբբիին։ Նրանք միանշանակ և անթաքույց աջակցել են թուրքերին և օգտագործելով իրենց ազդեցությունը Վաշինգտոնում՝ միշտ խոչընդոտել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայ լոբբիստական կազմակերպությունների ջանքերը։
2002-ի սեպտեմբերի 15-ին ես Նյու Յորքում էի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելու համար։ Այնտեղ էր նաև Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը։ Ամիսներ առաջ՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Պերեսը հայտնել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը՝ գրեթե երկրորդելով թուրքական ժխտողական դիրքորոշումը։ Նա ասել էր, թե այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, ցեղասպանություն չէ։
Նյու Յորքում ես հանդիպում խնդրեցի Պերեսի հետ։ Սեպտեմբերի 15-ի առավոտյան նա ինձ հյուրընկալեց իր հյուրանոցային համարում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ գտնվող շքեղ հյուրանոցներից մեկում։
Փոխադարձ ողջույններից հետո նա առաջարկեց, որ հանդիպումը սկսենք մի բաժակ օղիով, թեև առավոտյան ժամը 10-ն էր։ Նա թերևս հաշվի էր առել հարցի ծանրությունը և գիտեր, որ բարձրացնելու եմ Ցեղասպանության հարցը։ Պերեսը հավանաբար ցանկացավ սառույցը կոտրել օղու միջոցով։ Ելնելով նույն նկատառումներից՝ ես անմիջապես համաձայնեցի։ Մի բաժակ խմելուց հետո խոսեցինք ընդհանուր թեմաներից, անցանք երկրորդ բաժակին։ Մթնոլորտը բավական ջերմացավ, և մենք անցանք բուն հարցերի քննարկմանը։
Խոսեցինք, բնականաբար, հայ-իսրայելական հարբերությունների, պաղեստինյան հակամարտության, Մերձավոր Արևելքի, Լեռնային Ղարաբաղի և Կովկասի խնդիրների մասին։ Այդ ընթացքում երկուսիս մտքում էլ առկախված էր մնում Հայոց ցեղասպանության հարցը, որը կարծես ստվեր էր գցում մեր կողմից քննարկվող մյուս բոլոր հարցերի վրա։ Պերեսը նույնիսկ թույլ չտվեց, որ ես բարձրացնեմ այդ թեման․ նա ինքը խոսեց Ցեղասպանության մասին և ասաց, որ հրեա ժողովրդի մոտեցումները այդ հարցում լավագույնս արտահայտել են հրեա գիտնականները և ցեղասպանագետները՝ հայտնելով իրենց հստակ և միանշանակ կարծիքը, իսկ այն, ինչ անում է Իսրայել Պետությունը, առավելապես պայմանավորված է քաղաքական նկատառումներով։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կհասկանան այդ տարբերությունը։ Ես բնականաբար հակադրվեցի։ Ընդունելով, որ թեև հրեա մտավորականները մեծ ներդրում են ունեցել Ցեղասպանության փաստի հաստատման ու դրա միջազգայնացման գործում՝ ես միևնույն ժամանակ բացատրեցի, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս հարցում ամենամեծ հակասությունը ժխտողականության խնդիրն է։ Ես նշեցի, որ Պերեսի հայտարարությունը հենց ժխտողականության մաս է և դրա համար էլ առաջացրել է հայ ժողովրդի վրդովմունքն ու նախատինքը։ Այդուհանդերձ, հանդիպումից հետո մենք բաժանվեցինք բարեկամաբար՝ հույս հայտնելով, որ հետագայում կշարունակենք մեր քննարկումները, և ակնկալելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները կխորանան»։
Շիմոն Պերեսի հարցազրույցը CNN-ի Քրիստիան Ամանպուրին:
Ստելլա Մեհրաբեկյան