Առանց Արևելյան Հայաստանի. Էրմիտաժը տեղի է տվել Բաքվի ճնշմանը

Ռուսաստանի Պետական Էրմիտաժը Բաքվի ճնշման տակ «Արևելյան Հայաստանի դրամային գործը (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ և Գանձակ) (1747-1827թթ.)» խորագրով զեկույցից հեռացրել է «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը:

Գիտնականներ Ալեքսանդր Հակոբյանի և Պավել Պետրովի համահեղինակած զեկույցը պետք է ներկայացվի սեպտեմբերի 29-ին կայանալիք İCON II արևելյան դրամագիտությանը նվիրված միջազգային համաժողովին:

Զեկույցի խորագիրը աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում. հարցը, ըստ տեղական մամուլի, քննարկվել է ադրբեջանցի գիտնականների նիստին, որի արդյունքում Ադրբեջանի Ազգային թանգարանի տնօրեն Նաիլյա Վելիխանլին նամակով դիմել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն և միջազգային համաժողովի կազմկոմիտեին:

Վելիխանլին վրդովմունք է հայտնել ձևակերպման առթիվ՝ հեղինակների այդ քայլը անվանելով «սադրանք», հատկապես՝ հայ-ադրբեջանական «լարված հարաբերությունների» պայմաններում:

Ադրբեջանի Ազգային թանգարանի տնօրենի համոզմամբ՝ հեղինակները «աղճատել են պատմական փաստերը և հավակնություն ներկայացրել Ադրբեջանի տարածքների նկատմամբ»:

Ադրբեջանի ձեռնարկած քայլերի արդյունքում զեկույցի խորագիրը փոխվել է՝ դառնալով «1747–1827թթ. Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունների դրամային գործը»:

Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը «Ռուսարմինֆո» գործակալության հետ զրույցում նշել է, որ զեկույցի խորագրի փոփոխությունը «Բաքվի հարձակողական քաղաքականության հերթական օրինակ է»:

Նա վստահ է, որ Բաքուն զեկույցի խորագրի «փոփոխության պաշտոնական հայց ներկայացնելու իրավունք, իհարկե, չուներ, սակայն դա է Ադրբեջանի քաղաքականությունը»:

«Բաքուն հարձակողական քաղաքականություն է վարում, և նրան հաճախ հաջողվում է այդկերպ ազդեցություն ունենալ տարբեր կազմակերպությունների և գործակալությունների վրա»,- ասել է Կրիլովը:

Վերջինիս կարծիքով՝ Բաքվի այդ ջանքերը կարելի է կանխել Հայաստանի դեսպանության ակտիվ գործողություններով, որոնք, սակայն, բացակայում են:

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի ցուցաբերում ոչ մի ակտիվություն, չի հակազդում Ադրբեջանի նախաձեռնություններին: Հայկական դիվանագիտությանն անհրաժեշտ է վերանայել աշխատանքի մեթոդները՝ նման միջադեպեր թույլ չտալու համար»,- նշել է գիտնականը՝ վերապահում անելով, որ նման որոշումները հաճախ կախված են կոնկրետ անձանցից, և այստեղ «մեծ դեր են խաղում անձնական կապերն ու դիրքը»:

Մեկնաբանել