Վրաց ազգայնականների հակաթուրքական ակցիա Թբիլիսիում

Սեպտեմբերի 27-ը Վրաստանում նշվում է որպես Սուխումիի անկման օր: 23 տարի առաջ Սուխումին լքեցին վրացիները, որով, ըստ էության, ավարտվեց շուրջ 13 ամիս տևած վրաց-աբխազական պատերազմը: Պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրեց Աբխազիան։ Տարբեր տվյալների համաձայն՝ այս հակամարտությունը խլել է շուրջ 20 հազ․ մարդու կյանք:

Ինչպես հաղորդում է Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիան», երեկ առավոտյան Թբիլիսիի Հերոսների հրապարակում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ծաղկեպսակներ են դրել Վրաստանի միասնության և տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշարձանին՝ իրենց ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին:

Նույն երեկոյան՝ ժամը 19:00-ին, իրադարձությունները սկսել են այլ կերպ զարգանալ։ Մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայի նույն անունը կրող մետրոյի կայարանի դիմաց հավաքվել են վրաց ազգայնական կազմակերպության ներկայացուցիչներ:

Մի խումբ դիմակավոր երիտասարդներ հնչեցրել են կոչեր՝ «Աբխազիան Վրաստան է», «Սամաչաբլոն Վրաստան է», «Փա՛ռք Վրաստանին, փա՛ռք հերոսներին», «Կեցցե՛ ազգայնական Վրաստանը առանց լիբերալների», «Կեցցե՛ վրացի Վրաստանը» և այլն։

Ռուսթավելիի մետրոյի կայարանի տարածքից ազգայնականները շարժվել են դեպի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված Հերոսների հուշարձանի տարածք:

Որոշ ժամանակ անց երիտասարդների բազմությունը հայտնվել է Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում, որտեղ տեղակայված են մի շարք թուրքական խանութներ և մեծամասամբ թուրք այցելուներ ունեցող ժամանցի վայրեր:

Երիտասարդները հնչեցրել են հայհոյանքներ թուրքերի հասցեին և ըստ ականատեսների՝ կոտրել թուրքական ռեստորանների ապակիները:

Գործողությունների, բողոքի ցույցի ողջ ընթացքում ոստիկանությունը վերահսկել է ընթացքը։

Ստեղծված իրավիճակում կարճ ժամանակով արգելվել է երթևեկությունը Աղմաշենեբելի պողոտայում, տարածք են ժամանել իրավապահ մարմինների հատուկ ջոկատայիններ և շտապօգնության մեքենաներ: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ցույցի 11 մասնակից:

«Ալիք մեդիան» կազմակերպիչներից մեկից պարզել է, որ երթը կազմակերպել է «Վրացական ուժ» կազմակերպությունը։ «Բոլորս համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ»,- ասել է երիտասարդը, որը չի ցանկացել ներկայանալ։

«Վրացական ուժ» կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ․ հուլիսի 31-ին։ Նույն տարվա օգոստոսի 19-ին Բաթումի քաղաքի կենտրոնում նրանք անց են կացրել ճանաչողական բնույթի առաջին երթը։

Անցած տարվա սեպտեմբերի 27-ին այս կազմակերպությունը Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպել էր ջահերով լուռ ակցիա:

Այս տարվա մարտի 3-ին կազմակերպությունը քայլերթ էր կազմակերպել Վրաստանում Գերմանիայի դեսպանատան ուղղությամբ։ Բողոքի ակցիայի նպատակը Սիրիայից և Պաղեստինից Վրաստանում փախստականներ ընդունելու հարցի բարձրացումն էր:

Մեկնաբանել