Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարն ափսոսանք է հայտնել Էրմիտաժի միջադեպի կապակցությամբ

Սանկտ Պետերբուրգի հայկական Ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանը ափսոսանք է հայտնել «Արևելյան Հայաստանի դրամային գործը (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ և Գանձակ) (1747-1827թթ.)» զեկույցի խորագրից «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը հեռացնելու կապակցությամբ:

Գիտնականներ Ալեքսանդր Հակոբյանի և Պավել Պետրովի համահեղինակած զեկույցը ներկայացվում է այսօր անցկացվող İCON II արևելյան դրամագիտությանը նվիրված միջազգային համաժողովին:

«Մենք մշտապես համոզված ենք եղել, որ համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի գիտական հաստատություններում, ինչպիսին Պետական Էրմիտաժն է, հարգանքով են մոտենում պատմությանն ու գիտական ճշմարտությանը: Սակայն տվյալ դեպքում պատմական և գիտական ճշմարտությունը զոհաբերվել է հանուն կեղծ քաղաքական կոռեկտության»,- ասված է Մկրտչյանի հայտարարության մեջ, որը հրապարակված է Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի կայքում:

«Տպավորություն է ստեղծվում, որ հակահայկական հիստերիայի ճնշման տակ համաժողովի կազմակերպիչները զարմանալիորեն արագ նահանջել են՝ չգործադրելով գիտական օբյեկտիվության պաշտպանության գեթ մի ջանք»,- նշված է հայտարարությունում:

Օրերս հայտնի է դարձել, որ İCON II արևելյան դրամագիտությանը նվիրված միջազգային համաժողովին ներկայացվելիք զեկույցներից մեկի սկզբնական խորագրից՝ «Արևելյան Հայաստանի դրամային գործը (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ և Գանձակ) (1747-1827թթ.)» հեռացվել է «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը:

Էրմիտաժի պաշտոնական կայքում հրապարակվել է համաժողովի ծրագիրը, որում զեկույցի խորագիրը նշված է առանց «Արևելյան Հայաստան» բառակապակցության: Այն թերևս հեռացվել է Ադրբեջանի հակահայկական քարոզչության արդյունքում:

Վերջին օրերին ադրբեջանական մամուլը գրում է, որ հարցը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում, հատկապես, գիտական շրջանակներում: Գիտական քննարկումների արդյունքում Ադրբեջանի Ազգային թանգարանի տնօրեն Նաիլյա Վելիխանլին նամակով դիմել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն և միջազգային համաժողովի կազմկոմիտեին:

Վելիխանլին վրդովմունք է հայտնել ձևակերպման առթիվ՝ հեղինակների այդ քայլը անվանելով «սադրանք», հատկապես՝ հայ-ադրբեջանական «լարված հարաբերությունների» պայմաններում:

Ադրբեջանի Ազգային թանգարանի տնօրենի համոզմամբ՝ հեղինակները «աղճատել են պատմական փաստերը և հավակնություն ներկայացրել Ադրբեջանի տարածքների նկատմամբ»: