Կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ․ բյուջեի նախագիծը

Կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստին հավանության արժանացրել Հայաստանի Հանրապետության 2017թ․ պետական բյուջեի նախագիծը։

Ըստ նախագծի՝ 2017թ․ համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրիլիոն 244 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 395 մլրդ դրամ։ Դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի ավելի քան 150 մլրդ դրամ։ Դեֆիցիտը նախատեսվում է ֆինանսավորել ներքին (ավելի քան 71 մլրդ դրամ) և արտաքին (ավելի քան 79 մլրդ դրամ) աղբյուրներով։

Ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին: Մոտ 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ և մոտ 100 միլիարդ՝ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, շատ ակտուալ են»:

Մեկնաբանել