Կարեն Կարապետյանը հանձարարականներ է տվել նորանշանակ նախարարներին

Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել նորանշանակ նախարարներին։

«Վերջերս Սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության մասին»,- ասել է վարչապետը՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնրարելով․ «Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով, թե գործող լաբորատորիան պետք է լինի այդ վարչության կազմում, թե պետք է լինի անկախ: Տալ առաջարկություն»:

Խոսելով տարիներ ի վեր սեփականաշնորհված բազմաթիվ ակտիվների, գույքի մասին, որոնք այսօր չեն աշխատում, Կարեն Կարապետյանը էկոնոմիկայի, ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարել է նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն: «Բոլորդ հասկանում եք, որ մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել և ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ առկա է գնումները կանոնակարգելու խնդիր՝ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարելով քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: «Միաժամանակ՝ առաջարկենք գման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք և կարծում եմ՝ այստեղ և ծախսերի նվազեցման, նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»,- ասել է նա:

Գործադիր իշխանության բոլոր մարմիններին հանձնարարվել է վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: «Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար՝ պետք է լինի հիմնավորված, գործառույթները՝ հստակ և չկրկնվող: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը, և յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա հավելել է, որ նույնը վերաբերում է ԾԻԳ-երին, որոնք զբաղվում են գնումների գործընթացով։ «Հանձնարարում եմ սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի և քաղաքաշինության նախարարներին մեկշաբաթյա ժամկետում քննարկել ձեր ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություն»,- ասել է վարչապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հաձնարարվել է մեկամսյա ժամկետում, համագործակցելով էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ, ուսումնասիրել բոլոր ոլորտների 2017թ. բյուջեի նախագծի թեմատիկ դաշտերը և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխանեցնելու նպատակով:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարվել է նաև երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի և հսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ: «Այդ փաստաթղթերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում, գործնական կիրառման աշխատանքներում պատասխանատվությունը պետք է կրի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը»,- ասել է վարչապետը՝ հանձնարարելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բոլոր համայնքները հնգամյա զարգացման ծրագրերը մշակեն նոր մեթոդաբանությանը համապատասխան:

Մեկնաբանել