ԼՂ հարցի հանգուցալուծումը տեսանելի չէ, կարծում է ԱՄՆ պետքարտուղարը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Վաշինգտոնում «Ասպեն» ինստիտուտի և «Ատլանտիկ» պարբերականի կազմակերպած քննարկմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն այն հակամարտություններից է, որոնց կարգավորումը տեսանելի չէ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն դրան:

Խոսելով Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ Քերին նշել է, որ ի վերջո տեսանելի էր մի կետից մյուսը հասնելու ճանապարհը: Մինչդեռ աշխարհում կան սառեցված հակամարտություններ, ինչպիսին է ԼՂ հիմնահարցը, որի դեպքում դա չկա:

«Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջան-Հայաստանը, որտեղ դա չի երևում, քանի որ առաջնորդները պատրաստ չեն, լարվածություն կա»,- ԱՄՆ Պետքարտուղարության կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:

Ջոն Քերին կարծիք է հայտնել, որ միևնույն ժամանակ կան հակամարտություններ, որոնք բարդ են, սակայն հանգուցալուծումը տեսանելի է, եթե ընդունվեն կոնկրետ որոշումներ: Այդպիսի հակամարտություն է իսրայելա-պաղեստինյան հիմնահարցը: