Երեք նախագահների կողքին ու մի քիչ էլ ապերախտ

Հայաստանում լրագրողների, լրատվամիջոցների, քաղաքական շրջանակների և ընդհանրապես ժողովրդի շրջանում տարածված է և տարածվում է կեղծ տեղեկատվություն, թե իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, մինչև իշխանության գալը, եղել է ընդդիմություն:

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Ճիշտ է, 1991-ին ՀՀԿ-ն նախագահական առաջին ընտրություններին մասնակցել է սեփական թեկնածուով՝ Աշոտ Նավասարդյան, և վեց թեկնածուների շարքում գրավել է վեցերորդ տեղը՝ ստանալով քվեների 0.19 տոկոսը:

Մինչև 1998-ի իշխանափոխություն ՀՀԿ-ն եղել է իշխանական ուժ, ինչպես 1998-ից մինչև այսօր: Ճիշտ է նաև, որ 1991-1998-ին ՀՀԿ-ն լուրջ կշիռ չի ունեցել Հայաստանի ներքաղաքական դաշտում և հաճախ եղել է այն օրերին իշխող Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ-ի կցորդը:

ՀՀԿ-ն հնազանդորեն և հետևողականորեն պաշտպանել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա քաղաքականությունը, թեև վերջին տարիներին կուսակցության տարբեր անդամներ սկսել են քննադատել Քոչարյանին, նրա նախագահության տասը տարիները:

Եղել են, անշուշտ, նաև ընդդիմադիր պոռթկումներ: Այսպես, 2000 թվականի գարնանը ՀՀԿ-ի առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, Արամ Զավենի Սարգսյանի (այն օրերին՝ վարչապետ) և Գագիկ Ջհանգիրյանի (այն օրերին՝ գլխավոր դատախազի տեղակալ) հետ մամուլի համատեղ ասուլիսում Քոչարյանից պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ կապված Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետաքննության հետ:

«Ճգնաժամը» կարգավորվեց սեղմ ժամկետներում. Քոչարյանը Մարգարյանին նշանակեց վարչապետ, իսկ ՀՀԿ-ն մոռացավ Սերժ Սարգսյանին ու Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Հետագայում մենք կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀԿ-ի առաջնորդը և Հանրապետականների կուռքը:

1995 թվականի խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրություններում, Հանրապետականը մի քանի այլ կազմակերպությունների հետ ՀՀՇ-ի ընդհանուր ցուցակով, որը կրում էր «Հանրապետություն» բլոկ անունը, մտել է խորհրդարան մի քանի պատգամավորներով:

1995-ի առաջին Սահմանադրության ընդունման հարցում ՀՀԿ-ն ոչ միայն պաշտպանել է այդ Սահմանադրությունը, այլ գործուն մասնակցություն ունեցել Մայր օրենքի ստեղծման աշխատանքներում: Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին՝ 1992-1995 թվականներին, իր մասնակցությունն էր բերում ՀՀԿ-ի առաջնորդ Աշոտ Նավասարդյանը:

1996-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Հանուն Տեր-Պետրոսյանի առաջադրման՝ ՀՀԿ-ն անցկացրեց արտահերթ համագումար, որը տեղի ունեցավ 1996-ի հունիսի 22-ին: Оրակարգի միակ հարցը եղել է հետևյալը` «ՀՀԿ երրորդ արտահերթ համագումարի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը»:

Այդ համագումարում Նավասարդյանն ու նրա կուսակիցները փառաբանում էին Տեր-Պետրոսյանին: Արցախյան հաղթանակը Նավասարդյանը վերագրեց Տեր-Պետրոսյանին՝ ասելով․ «Գործնականում այսօր հայի համար Հայաստանը 45 000 քառ. կմ է: Արցախյան հարցում ավելի ու ավելի վճռական կեցվածք է որդեգրվում դիվանագիտական ճակատում ևս: Մեր կարծիքով Արցախյան խնդրի ներկայիս վիճակը Հայաստանի Հանրապետության նախագահի նվաճումն է»:

1996-ի սեպտեմբերին Նավասարդյանը մի հարցազրույցում բացատրեց, թե ինչու պետք է քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին. «Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում, ասպարեզում եղած թեկնածուների մեջ (Վազգեն Մանուկյան, Սերգեյ Բադալյան, Աշոտ Մանուչարյան-Թ. Հ.) լավագույնը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այն խնդիրները, որոնք դրված են ՀՀԿ-ի առջև, իրենց մի մասով արդեն իսկ իրականացվել են ներկայիս նախագահի կողմից: Իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության ծրագրերին համապատասխան մի շարք այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի հայկականացումը, մեր անկախության հռչակումը, պետականության ամրապնդումը և բանակի ստեղծումը… Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրելը մեզ համար առանձնապես կարևոր էր, որովհետև հանրապետության քաղաքական խճանկարում` ազգային իղձերի իրականացման առումով, ամենաառողջն ու ամենասթափը նա է»: («ՀայաստանիՀանրապետություն», թիվ 176, 6 սեպտեմբեր, 1996թ. )

Ճիշտ է, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո և մինչև այսօր ՀՀԿ-ականները (բայց ոչ Նավասարդյանը, որը կյանքից հեռացավ 1997-ի աշնանը) կոշտ, անպարկեշտ, երբեմն վիրավորական բառապաշար են օգտագործել Տեր-Պետրոսյանի հասցեին՝ նրան մեղադրելով բազմաթիվ մեղքերում, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանին զիջելու պատրաստակամության մեջ:

Հանրապետականները հետագայում սկսեցին քննադատել նաև այն մարդուն, ում անվերապահ աջակցել էին 10 տարի՝ Ռոբերտ Քոչարյանին:

Ի՞նչ ճակատագիր է սպասում Սերժ Սարգսյանին: