Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը․ Կարեն Կարապետյան

Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը․ այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 30-ին ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Եվ այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը:

Նա հավելել է, որ հանդիպելով բանկային ոլորտի ներկայացուցիչներին, առաջարկել է մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը՝ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի աշխուժացմանը:

Վարչապետն ընդգծել է նաև ֆրանսիական ընկերության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը և նշել, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ և կներկայացնի պոտենցիալ գործընկերներին: Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Կրեդիտ Ագրիկոլ»-ը կկարողանա մեծապես նպաստել ֆրանսիական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ և նշել, որ այդ հարցում ակնկալում է բեկումնային քայլեր:

Մարկ Օպենհեյմը նշել է, որ այսօր լրանում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակը: Նրա խոսքով՝ այդ փաստն արտացոլում է երկկողմ ամուր կապերը և ցանկությունը՝ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը։

«Պետության և ներդրողի միջև լավ հարաբերությունները հաջողության հիմնական գրավականներից են: Մի պետություն, որը պատրաստ է աջակցել գործարար դաշտին՝ կկարողանա հասնել տնտեսության զարգացմանն ու ապահովել առաջընթաց: Մենք այդ ճանապարհին կանգնած ենք ձեր կողքին և շահագրգռված ենք լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում»,- ասել է Մարկ Օպենհեյմը:

Մեկնաբանել