Սեպտեմբերի 30-ի վաղ առավոտից զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը, հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթը։
Պարբերականը նշում է, որ Վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով հայերի շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ։ Զոհվել են Արման Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը, որի կյանքը չի հաջողվել փրկել վիրահատությամբ։
Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, որոնք այս պահին վիրահատվում են։ Թեթև վիրավորում են ստացել Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը։ Թեթև վիրավորում է ստացել նաև Մարի Կարապետյանը, որն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
«Գանձասարի» հաղորդմամբ՝ Նոր Գյուղում գտնվող Ազգային Պատսպարանի սաները ժամանակավորապես տեղափոխվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր։
Ազգային Քարեն Եփփե ճեմարանի տնօրինությունը ապահովության նկատառումներով աշակերտներին տեղափոխել է ներքնահարկ։
16։40
«Գանձասարը» տեղեկացնում է՝ շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ծանր վիրավորված Միրեյ Հինտոյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել։ Միրեյը զոհված Արման Հինտոյանի քույրն էր։