Հռոմի պապը Թբիլիսիում է

Այսօր մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա առաքելական այցը Վրաստան և Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Rome Reports կայքը, Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլինՙ տիկնոջ հետ և Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ: Վրաստանյան այցը կտևի երկու օր. հոկտեմբերի 2-ին Հռոմի Սրբազան Քահանայապետը կմեկնի Բաքու, որտեղ կանցկացնի մեկ օր: Այցը կրում է Բոլորս եղբայրներ ենք կարգախոսը:

Վատիկանի խոսնակը հայտարարել է, որ Պապի հիմնական ուղերձը լինելու է խաղաղությունը. Նա անդրադառնալու է Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքներին:

Հուլիսին Սուրբ աթոռը հրապարակել էր այցի ծրագիրը, ըստ որի՝ Ֆրանցիսկոս պապը վրաստանյան երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ կունենա երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, տեղի ասորախալդիական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների հետ:

Հոկտեմբերի 1-ին կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատարագ կմատուցի Միխայիլ Մեսխիի անվան մայրաքաղաքային մարզադաշտում, իսկ ավելի ուշ կայցելի Վրաստանի առաջատար հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթայի Սվետիցխովելիի մայր տաճարը:

Կիրակի՝ հոկտեմբերի 2-ին, Ֆրանցիսկոս պապը կմեկնի Բաքու, որի կաթոլիկ եկեղեցում պատարագ կմատուցի: Արարողությունից հետո նախատեսված են կաթոլիկ եկեղեցու հովվապետի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարության, ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների: Նույն օրը՝ երեկոյան, Ֆրանցիսկոսը կվերադառնա Վատիկան: Դա կլինի Հռոմի պապի 16-րդ օտարերկրյա այցը:

Այս տարվա հունիսի 24-26-ը կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Հայաստանում էր՝ Այց առաջին քրիստոնյա երկիր խորագիրը կրող այցով:

Մեկնաբանել