Կիսադատարկ մարզադաշտ, բողոքներ և խաղաղության կոչեր․ Պապի այցը Վրաստան և Ադրբեջան

Հոկտեմբերի 2-ին ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա առաքելական այցը Վրաստան և Ադրբեջան։ Վատիկան հետդարձի ճանապարհին՝ ինքնաթիռում, Հռոմի Սրբազան Քահանայապետը լրագրողների հետ կիսել է իր տպավորություններն այցից, պատասխանել լրագրողների հարցերին, որոնց թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ։ Կաթոիլիկ եկեղեցու առաջնորդը պարզաբանել է, թե ինչու է այցելել երկրներ, որտեղ կաթոլիկները փոքրաթիվ են։

Ծայրամասից իրականությունն ավելի լավ է երևում, քան կենտրոնից

«Բոլոր երեք նախագահները եկել էին Վատիկան` ինձ հրավիրելու։

Բոլոր երեքը տարբեր կրոններ են դավանում․ հայերը հպարտ են, և սա առանց վիրավորելու, հպարտ են իրենց հայկականությամբ։ Նրանք ունեն պատմություն, գերազանցապես քրիստոնյա են, սակայն մեծ մասը Առաքելական եկեղեցու հետևորդ են, կան կաթոլիկներ և փոքրաթիվ ավետարանականներ․․․։ Վրաստանը քրիստոնեական երկիր է, ամբողջությամբ քրիստոնեական, սակայն Ուղղափառ։ Կաթոլիկները փոքրաթիվ են։ Մյուս կողմից Ադրբեջանն է, որտեղ 96-97 տոկոսը մուսուլման են։ Կաթոլիկները շատ քիչ են։ Ինչո՞ւ այցելել այնտեղ։ Հանուն կաթոլիկների, այցելել ծայրամասում գտնվող կաթոլիկներին։ Համայնքը փոքր է, նրանց չեն հետապդնում, քանի որ Ադրբեջանում կա մեծ կրոնական հարգանք և ազատություն։ Իսկապես։ Այս երեք երկրները ծայրամասային են, ինչպես Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան և ես միշտ կրկնում եմ՝ իրականությունն ավելի լավ երևում և ընկալվում է ծայրամասերից, ոչ թե կենտրոնից»,- պատմել է Պապը։

Հայաստանը պետք է դիմի միջազգային տրիբունալ, եթե երկխոսությունն ապարդյուն է

«Ի՞նչ է անհրաժեշտ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղություն հաստատվի»,- հարց է ուղղվել Պապին։

«Ես հավատացած եմ, որ միակ ուղին երկխոսությունն է, անկեղծ երկխոսությունը՝ առանց սեղանի տակ բաներ թաքցնելու։ Անկեղծ և դեմ առ դեմ բանակցությունները։ Եվ եթե չի հաջողվում է հասնել դրան, սակայն կա միջազգային տրիբունալ դիմելու խիզախություն, դիմեք, օրինակ, Հաագայի դատարան և հարցը միջազգային դատի հանձնեք։ Այլ ճանապարհ չեմ տեսնում։ Մյուս ուղին պատերազմն է, իսկ պատերազմները միշտ ավերիչ են․ դրանցում ամեն ինչ կորսվում է,- ասել է Ֆրանցիսկոս պապը և շարունակել։ – Հայաստանը բաց սահմաններով պետություն է, այն խնդիրներ ունի Ադրբեջանի հետ և պետք է դիմի միջազգային տրիբունալ, եթե երկխոսությունն ու բանակցությունն ապարդյուն են։ Այլ ճանապարհ չկա»։

Երկու անակնկալ՝ Վրաստանում

«Վրաստանում երկու անակնկալի առերեսվեցի։ Առաջինը՝ Վրաստանն է։ Ես երբեք չէի պատկերացրել այդքան մշակույթ, այդքան հավատ, այդքան քրիստոնեություն․․․ Դա հավատացյալ ժողովուրդ է և հնագույն քրիստոնեական մշակույթ։ Ես բացահայտեցի մի բան, որի մասին տեղյակ չէի՝ վրացական հավատքի խորությունը։ Մյուս անակնկալը պատրիարքն էր՝ նա Աստծո մարդ է։ Նա ինձ շատ է հուզել:

Բազմաթիվ անգամներ հեռացել եմ հուզված և այնպիսի զգացումով, որ Աստծո մարդու եմ հանդիպել։ Մեզ միավորող և բաժանող հարցերի վերաբերյալ ասել եմ՝ պետք չէ քննարկել դոկտրինին առնչվող հարցեր, թողնենք դա աստվածաբաններին, նրանք մեզնից լավ գիտեն,- իր տպավորություններն է կիսել Ֆրանցիսկոս պապը և եզրափակել։ – Վրաստանն իսկապես հրաշալի է, դա մի երկիր է, որպիսին չէի ակնկալում տեսնել, քրիստոնյա ժողովուրդ՝ ուղնուծուծով»։

Կիսադատարկ մարզադաշտ և «հոգևոր ագրեսիայի» մեղադրանքներ

«Խաղաղություն ձեզ»՝ այս կարգախոսի տակ էր անցել սեպտեմբերի 30-ին Թբիլիսի ժամանած Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ վերջին 17 տարիների ընթացքում առաջին այցը Վրաստան։ Վերջին անգամ Թբիլիսիում էր Հովհաննես Պողոս Երկրորդը 1999թ․։

Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, ողջունելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդին, վերջինիս այցը բնութագրել է որպես «պատմական»։ Իր հերթին Ֆրանցիսկոսը նշել է, որ Իլյա Երկորդը նոր էջ է բացել վրաց Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների պատմության մեջ։

Մինչ երկու քահանայապետերը խոսում էին եկեղեցիների միջև եղբայրության մասին, մի խումբ հավատացյալներ և Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ էին անցկացնում գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ անցկացվում էին Պապի մասնակցությամբ միջոցառումներ։

Բողոքողները Վատիկանին մեղադրում էին հոգևոր ագրեսիայի մեջ։

Վրաստանում բնակչության բացարձակ մեծամասնությունը Ուղղափառ եկեղեցու հետևորդ են, եկեղեցին երկրի ամենահեղինակավոր ինստիտուտներից է։

Ֆրանցիսկոս պապի այցի ծրագիրը բավական հագեցած էր։ Առաջին օրը նա հանդիպում էր ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Իլյա Երկորդի հետ, իսկ երկրորդ օրը Թբիլիսիի Մեսխիի անվան մայրաքաղաքային մարզադաշտում մատուցել պատարագ, որն էլ դարձել է Պապի վրաստանյան այցի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։

25 հազար-տեղանոց մարզադաշտում ներկա էր ընդամենը երեք հազար մարդ։

Ինչպես նկատել են Reuters գործակալության լրագրողները, դա Պապի 16 օտարերկրյա այցելությունների ընթացքում գրանցված ամենասակավամարդ պատարագն էր։

Վրաց եկեղեցու պատվիրակությունը, նախատեսվածին հակառակ, պատարագին չէր մասնակցել, սակայն ներկա էր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Մարզադաշտի մոտ առավոտից բողոքի ակցիա իրականացնողները եկել էին «Վատիկանը հոգևոր ագրեսոր է» կարգախոսներով։ Պապին մեղադրում էին նրանում, որ Վրաստան է եկել մարդկանց հավատափոխ անելու նպատակով։

Այցից առաջ Ուղղափառ եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որում անընդունելի էր որակում որոշ հոգևորականների հրապարակային հայտարարություններն ընդդեմ Պապի, միևնույն ժամանակ, շեշտում, որ քանի դեռ առկա են դոգմատիկ տարաձայնություններ կաթոլիկ եկեղեցու հետ, եկեղեցական իրավունքի համաձայն, ուղղափառ քրիստոնյաները չեն կարող մասնակցել կաթոլիկների մատուցած պատարագներին։

«Բնականաբար, Պապը պատարագ է մատուցում կաթոլիկների համար, և դա չի կարելի պրոսելիտիզմի (հոգևորսություն – ՍիվիլՆեթ) դրսևորում համարել»,- ասված էր Պատրիարքության հայտարարությունում։

Շաբաթ օրվա ծիսակատարության ժամանակ Ֆրանցիսկոս պապը առանձնահատուկ նշել է Վրաստանում կնոջ կարևորությունը՝ որպես «հրաշալի այդ երկրի բազմաթիվ գանձերից մեկը»։

Վրաստանյան այցի շրջանակում Հռոմի պապն այցելել է նաև հնագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճար (11-րդ դար), որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հոկտեմբերի 2-ին Պապը մեկնել է Բաքու, որն էլ դարձել նրա առաքելական այցի վերջին կանգառը։

Բաքվում Հռոմի Սրբազան քահանայապետը պատարագ է մատուցել Ադրբեջանի մոտ 500-հոգանոց փոքրաթիվ կաթոլիկ համայնքի համար, հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանում Ֆրանցիսկոսի արած կարևորագույն կոչերից մեկը վերաբերում էր Ղարաբաղյան կարգավորմանը․ այն ուղղված էր միջազգային հանրությանը։

«Հուսով եմ՝ միջազգային հանրությունը ի վիճակի կլինի ցուցաբերելու անհրաժեշտ օգնությունը»,- ասել է Պապը Ադրբեջանի կառավարության, ՀԿ-ների և դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը։Նա համոզմունք է հայտնել, որ Աստծո և ներգրավված կողմերի կամոք Կովկասը կդառնա այն վայրը, որտեղ երկխոսության և բանակցությունների միջոցով տարաձայնությունները կհաղթահարվեն, իսկ «Արևելքի և Արևմուտքի միջև դարպաս հանդիսացող» տարածաշրջանը կդառնա նաև «խաղաղության դարպաս և հին ու նոր հակամարտությունները կարգավորելու օրինակ»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել