ԲՀԿ-ն պատրաստվում է բողոքարկել Գյումրիում ընտրությունների արդյունքները

Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված արդյունքները չեն բավարարում Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ), որը ստացել է ձայների 21.7 տոկոսը: Կուսակցության Գյումրիի շտաբի համակարգող Մարզպետունի Մարգարյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ տեղի են ունեցել լուրջ խախտումներ, որոնք ազդել են ընտրության ընթացքի վրա: «Մենք հիմա պատրաստվում ենք բողոքարկումների: Ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»,- ասաց նա` տեղեկացնելով, որ կոպիտ խախտումների թվում եղել են լցոնումների, կարուսելի, կրկնաքվեարկության դեպքեր և այլն: Նախնական արդյունքներով` ԲՀԿ-ն Գյումրիի նոր ձևավորվելիք ավագանիում կունենա 7 անդամ: Ինքնաբացարկներ չկան և ըստ Մարգարյանի, այդ հարցը չի էլ քննարկվելու:

ԲՀԿ շտաբի համակարգողը հայտարարում է` Սամվել Բալասանյանը լեգիտիմ ընտրություններով չի ընտրվել ոչ նախորդ ընտրություններին, ոչ հիմա. «Եթե ընտրությունները չկեղծվեին, Բալասանյանը չէր ունենա այն թիվը, որը հիմա ունի, մենք էլ հաղթահարած կլինեինք 40 տոկոսի սահմանագիծը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում ստացել է ընդամենը 1.49 տոկոս ձայն: Կուսակցության Գյումրիի շտաբի անդամներից Էդուարդ Աղաջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում շեշտեց` տեղամասի ներսում ընտրություններն անցել են օրենքի սահմաններում. «Ընտրատեղամասերից դուրս եղել են բազմաթիվ ահազանգեր թե՛ մեր վստահված անձանց, թե՛ մյուս կուսակցությունների և դիտորդների կողմից: Գյումրիում մենք ունեցել ենք պոտենցիալ, բայց դա քվեների վերածելը ձախողել ենք»,- նշեց նա և ավելացրեց, որ ավելի շատ ժամանակ և ռեսուրս հատկացնելու դեպքում Գյումրիում շատ ավելի լավ արդյունքների կարող էին հասնել: Աղաջանյանը կարծում է, որ Բալասանյանը Գյումրիի որոշ շրջանակներում ունեցել է լեգիտիմության պաշար և դա նույնպես ազդել է ընտրությունների ընթացքի վրա:

***

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին մրցում էր 11 քաղաքական ուժ (10 կուսակցություն և մեկ դաշինք)։ Նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրած Բալասանյան դաշինքը ստացել է 14 987 ձայն (34.75%): Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 9344 ձայնով (21.66%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 4578 ձայնով (10.62%): Չորրորդ տեղում «Գալա» կուսակցությունն է՝ 4517 ձայնով (10.47%)։

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստացել է 2475 ձայն (5․74%), «Համախմբումը»՝ 2469 ձայն (5.72%), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2313 ձայն (5.36%), «Ալյանսը»՝ 774 ձայն (1.79%), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 ձայն (1.48%), «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն (1.29%), Հայ ազգային կոնգրեսը՝ 417 ձայն (1.09%)։

Մկրտիչ Կարապետյան, Գյումրի

Մեկնաբանել