«Համախմբումը» Գյումրիի մի շարք տեղամասերում կբողոքարկի ընտրության արդյունքները

«Համախմբում» կուսակցությունը Գյումրիի 34/03 ընտրատեղամասում դիմելու է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն կազմակերպելու, իսկ մի քանի այլ տեղամասերում՝ արդյունքների վերահաշվարկ կատարելու համար։ Այս մասին հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից։

«Համախմբումը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Չարենցավան և Նոր Հաճն համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ավագանու թեկնածուները հաղթել են։

«Մասնավորապես, Նոր Հաճնում «Համախմբում» կուսակցության ավագանու թեկնածու Մարտիկ Խաչատրյանը ստացել է ընտրողների առավելագույն քվեն՝ 319։

Չարենցավանում «Համախմբման» ավագանու թեկնածու, կուսակցության տեղի կառույցի ղեկավար Սասուն Սարգսյանը ստացել է 515 ձայն»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ևս մի քանի համայնքներում ավագանի են ընտրվել այն անկուսակցական թեկնածուները, որոնց աջակցել է «Համախմբումը»:

***

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին մրցում էր 11 քաղաքական ուժ (10 կուսակցություն և մեկ դաշինք)։ Նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրած Բալասանյան դաշինքը ստացել է 14 987 ձայն (34.75%): Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 9344 ձայնով (21.66%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 4578 ձայնով (10.62%): Չորրորդ տեղում «Գալա» կուսակցությունն է՝ 4517 ձայնով (10.47%)։

«Համախմբումը» ստացել էր 2469 ձայն (5.72%)՝ չհաղթահարելով վեց տոկոս անցողիկ շեմը։

Մեկնաբանել