Չհաջողվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու խնդիրը․ ՀԱԿ

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել նախօրեին Գյումրիում և Վանաձորում կայացած ընտրությունների առնչությամբ հայտարարությամբ՝ նշելով, որ իրեն չհաջողվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու խնդիրը։

«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ոչնչով չտարբերվեցին տարիների ընթացքում իշխանությունների կանխամտածված քաղաքականության արդյունքում ձևավորված կլանային բնույթի տեղական ընտրություններից, երբ անձնական, բարեկամական կապերը, ընտրակաշառքը, քաղաքացիներին կենցաղային ծառայություններ մատուցելը մշտապես ընտրողի դիրքորոշման վրա ապօրինաբար ազդելու վճռորոշ միջոց են եղել:

Հայ ազգային կոնգրեսին, ցավոք, չհաջողվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու ոչ դյուրին խնդիրը, ինչը պայմանավորված էր մի կողմից տեղական ընտրությունների արմատացած կլանային բնույթով, մյուս կողմից՝ խնդրի բարդությունը թերագնահատելու հետ կապված ընտրարշավի մեր տակտիկական բացթողումներով:

Չստանալով քաղաքական բնույթ՝ ընտրությունները շարունակեցին մնալ փողի, վարչական լծակների, կենցաղային ծառայություններ մատուցելու, ընտրողների վրա ապօրինաբար ազդելու և ուղղորդելու բազմաթիվ այլ ձևերի մրցակցության: Այդ ամենը կրում էր համակարգային բնույթ, մանրամասն մշակված ցանցային մեխանիզմների կիրառմամբ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

ՀԱԿ-ը նշում է, որ կանի անհրաժեշտ հետևություններ այս ամենից և կմշակի կեղծարարության բոլոր ձևերը հաղթահարելու մեթոդներ:

«Հաշվի առնելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացը՝ առաջիկայում մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հասնելու իշխանափոխության՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

***

Գյումրիում և Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում ՀԱԿ-ը չէր հաղթահարել անցողիկ վեց տոկոս շեմը՝ ստանալով 417 ձայն (1.09%) և 551 ձայն (1.39%) համապատասխանաբար։