«Հայկական վերածնունդը» 2 տարբերակ է առաջարկում Մարուքյանին․ ԲՀԿ-ն դեռ պետք է քննարկի հարցը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ Վանաձորում միավորվելու կոչին՝ առաջարկելով երկու տարբերակ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ պաշտոնապես առաջարկել էր «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում։

«Հայկական վերածնունդը» հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, «եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին կմիանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձևավորել առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում»:

Մյուս տարբերակով «Լուսավոր Հայաստանին» առաջարկվում է՝ իրենք Վանաձորում միանան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը:

«Ի հավելումն նաև նշում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ միայն լայն հասարակական-քաղաքական համախմբումը հնարավորություն կտա երկրում որակական փոփոխություն արձանագրել և, եթե «Լուսավոր Հայաստանը» իսկապես այդ իրական փոփոխությունների ջատագովն է, ապա սա շատ լավ հնարավորություն է համատեղել ուժերը և գործընթացը մեկնարկել հենց Վանաձորից` հետագայում այն տարածելով ամբողջ երկրում»,- ասված է «Հայկական վերածնունդ»-ի հայտարարության մեջ:

Էդմոն Մարուքյանի առաջարկին երեկ արձագանքել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է, որ հարցը դեռ պետք է քննարկվի։ «Չշտապենք։ Մենք անպայման կքննարկենք այդ հարցը։ Ե՛վ երկրի, և՛ մեր ներկուսակցական տարբեր շահերից ելնելով՝ որոշակի մոտեցումներ կձևակերպենք այդ առումով»,- ասել է նա։

***

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում նախնական արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն՝ ստանալով 14 889 ձայն (37.6%): Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 10 899 ձայնով (27.5%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 5286 ձայնով (13.34%): Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2872 ձայնով (7.25%): Նրան հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2522 ձայնով (6.36%)։

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Էդմոն Մարուքյանը հայտարարել էր․ «Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեքով միասին ունեն 18 մանդատ։ Եվ մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ։ Մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ, ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը»։

Մեկնաբանել