Մինսկի խումբն ակնկալում է Սարգսյանի և Ալիևի համաձայնությունը հանդիպման անցկացման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման անցկացման համար ակնկալում են նրանց համաձայնությունը․ «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Հույս ունենք, որ նախագահները հաջորդ հանդիպման անցկացման համաձայնություն կտան։ Այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման ժամկետն ու վայրը որոշված չեն»,- ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ միջնորդներն աշխատում են հակամարտության կողմերի հետ։

Ուորլիքը տեղեկացրել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացրած պայմանավորվածությունների և հետագա քայլերի քննարկման համար։

«Ամսվա վերջին կայանալիք մեր այցի ընթացքում ծրագրում ենք հանդիպումներ անցկացնել և կողմերի հետ հարցեր քննարկել»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը։

Խաղաղության համար պատասխանատվություն են կրում երկու երկրների առաջնորդները․ Պետդեպ

Հոկտեմբերի 3-ի ճեպազրույցի ժամանակ ղարաբաղյան կարգավորմանն անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն։

Մեկնաբանելով անցյալ շաբաթ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկար ներկայում չկա, Տրյուդոն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է բանակցված կարգավորմանը և ակտիվորեն աշխատում է կողմերի հետ։

«Խաղաղության համար պատասխանատվություն են կրում երկու երկրների առաջնորդները, և մենք վերահաստատում ենք նրանց կարևորությունը բանակցային ճանապարհով խաղաղության հասնելու հարցում»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Վաշինգտոնում «Ասպեն» ինստիտուտի և «Ատլանտիկ» պարբերականի կազմակերպած քննարկմանը, հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն այն հակամարտություններից է, որոնց կարգավորումը տեսանելի չէ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն դրան:

Ջոն Քերին կարծիք էր հայտնել, որ միևնույն ժամանակ կան հակամարտություններ, որոնք բարդ են, սակայն հանգուցալուծումը տեսանելի է, եթե ընդունվեն կոնկրետ որոշումներ: Այդպիսի հակամարտություն է իսրայելա-պաղեստինյան հիմնահարցը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ եռակողմ ձևաչափով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

Մեկնաբանել