Գյումրիում ընդդիմությունը հնարավորություն ունի քաղաքապետ առաջադրելու․ Նաիրա Զոհրաբյան

Կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը Գյումրիում քաղաքապետ առաջադրի․ ինչպես հաղորդում է Tert.am-ը, հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այպիսի հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Չգիտեմ` ինչ մաթեմատիկական հաշվարկ են արել ՀՀԿ-ականները, որ գտնում են, թե Գյումրիում Բալասանյանը 17 քվե ունի: Ես գտնում եմ, որ քանի որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չկա, առաջարկել եմ իրենց դիմել Նոբելյան կոմիտե, և եթե կարողանան ապացուցել, որ Բալասանյանն ունի 17 քվե, դա կլինի առաջին դեպքը, երբ Նոբելյան մրցանակ կստանան ՀՀԿ ներկայացուցիչները: Բոլոր հաշվարկներով, անգամ բոնուսային հաշվարկներով, որ շեմը չհաղթահարած թեկնածուների բոնուսները գնում են Բալասանյան դաշինքին, անգամ այս դեպքում Բալասանյանն ունի 15 քվե»,- ասել է նա:

Զոհրաբյանը նշել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության գործընկների հետ ԲՀԿ-ն արդեն քննարկել և համաձայնության է եկել, որ Գյումրիում «Հայկական վերածնունդը» պատրաստ է սատարել ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանին:

««ԳԱԼԱ»-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են, որովհետև մենք երեքով կարող ենք առաջադրել քաղաքապետի թեկնածու: «Հայկական վերածնունդի» հետ բանակցություններն ավարտվել են, և արդեն համաձայնվել են իրենք սատարելու են Վարդևան Գրիգորյանին»,- ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

***

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում մրցում էր քաղաքական ուժ (10 կուսակցություն և մեկ դաշինք)։ Նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է Բալասանյան դաշինքը, որը ստացել է 14 987 ձայն (34.75%): Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 9344 ձայնով (21.66%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 4578 ձայնով (10.62%): Չորրորդ տեղում «Գալա» կուսակցությունն է՝ 4517 ձայնով (10.47%)։

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստացել է 2475 ձայն (5․74%), «Համախմբումը»՝ 2469 ձայն (5.72%), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2313 ձայն (5.36%), «Ալյանսը»՝ 774 ձայն (1.79%), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 ձայն (1.48%), «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն (1.29%), Հայ ազգային կոնգրեսը՝ 417 ձայն (1.09%)։

Մեկնաբանել