Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 9:10-ի սահմաններում Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մերձակա տարածքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան, հաղորդում է Վրաստանի հայալեզու aliq.ge կայքը։ («Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին)։
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի տուժել: Նրա պնդմամբ՝ մեքենան պայթեցվել է հեռակառավարման սարքով: Դեպքի վայրում էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցոթյան անդամ Գիգա Բոկերիան.
«Մի բան կարող եմ հաստատ ասել, որ այս ամենի մեջ մեղավոր է Բիձինա Իվանիշվիլին [Վրաստանի նախկին վարչապետ, Սաակաշվիլիի քաղաքական հակառակորդը], այս բռնության, այս ատելության սերմանելու, կազմակերպված հանցագործության վերադարձի մեջ հենց նա է մեղավոր, այդ իսկ պատճառով մի քանի օրից պետք է անել ճիշտ ընտրություն, որպեսզի դեպի անդունդ գնացող երկիրը վերադարձնենք ճիշտ ճանապարհին»:
Դեպքի վայրում գտնվող ներքին գործերի փոխնախարար Բեսիկ Ամիրանիշվիլին նշեց, որ այս պահի դրությամբ աշխատում են քրեական ոլորտի փորձագետները և կփորձեն հնարավորինս շուտ պարզել տեղի ունեցածը:
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Ակնկալվում է, որ հիմնական պայքարն ընթանալու է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» և Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև։